«Հովիկ Աբրահամյանի տեղը թափուր չի մնա». Սամվել Նիկոյան
«Մատերի վրա կարելի է հաշվել ՀՀԿ-ն լքած գործիչներին, մինչդեռ վերջին ամիսներին կուսակցությանն անդամակցել է 11 հազար մարդ: Առանցքային դեմք չեն ծնվում, դառնում են: Տարբեր ժամանակներ Հանրապետական կուսակցության մեջ առանցքային դեմքերը եղել են տարբեր մարդիկ, իսկ հիմա կլինեն այլ մարդիկ, այնպես որ՝ առանցքային դեմքերի այդ տեղը թափուր չի մնա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը: Նա ռեյտինգային համակարգից վտանգներ չի տեսնում, ըստ նրա, առավելություն է միմյանց միջև ընթացող մրցակցությունը: «Յուրաքանչյուր կուսակցություն, ինչպես նաև մեր կուսակցությունը ընտրատարածքներում մինչև 15 մարդ կարող է առաջադրել, և հանրությունը կունենա ընտրելու լայն հնարավորություն: Մինչև հիմա մեղադրում էին որոշ կուսակցությունների, այդ թվում նաև մեզ, որ գործարարներ ու օլիգարխներ ենք առաջադրում: Հիմա խնդրեմ՝ յուրաքանչյուր ընտրատեղամասում կուսակցությունը առաջադրում է և՛ գիտնական, և՛ արվեստի մարդ, և՛ սպորտի մարդ, և՛ մշակույթի մարդ»,- նշեց պատգամավորը:
