Սերժ Սարգսյանի օգնականն ու Աղվան Վարդանյանը` «Բյուսովի» խորհրդի կազմում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում փետրվարի 8-ին, կայացած խորհրդի նիստում նախագահ է ընտրվել ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը: Մինչ այդ վարչապետի որոշմամբ խորհրդի կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Բերբերյանն ընդգրկվել է ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի փոխարեն: ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արման Սաղաթելյանին էլ փոխարինելու է եկել ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը: Բուհի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանից տեղեկացանք, որ խորհրդի նախագահի ընտրության ժամանակ նիստին ներկա անդամներից 22-ը քվեարկել են Ավետիս Բերբերյանի օգտին, 1-ը` ձեռնպահ: Բրյուսովի անվան համալսարանում հրավիրված խորհրդի նիստը բացել է Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ վերոնշյալ փոփոխությունները կապ չունեն բուհի հետ կապվող կոռուպցիոն սկանդալի հետ: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հայտարարություն էր տարածել` հաղորդելով Բրյուսովի անվան համալսարանում, ընդհանուր առմամբ մոտ 36 միլիոն դրամի պակասուրդի առթիվ քրեական գործ հարուցելու մասին: «Խորհրդի նոր կազմի թեկնածություններն արդեն իսկ շաբաթներ առաջ են եղել: Ինչ վերաբերում է կոռուպցիոն սկանդալին, ասեմ, նախարարությունը մտել է աուդիտային ստուգման, որից հետո որոշակի ուղղություններով խախտումներ են արձանագրվել: Ուստի գտել ենք, որ անհրաժեշտ է նաև դատախազության միջամտությունը և խնդրել ենք դատախազությանը` ուսումնասիրություններ անցկացնել հետևյալ ուղղություններով, և այդ ուսումնասիրության հենքի վրա արդեն հարուցվել է քրեական գործ»,- նշել է նախարարը: Ի դեպ, Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ֆինանսատնտեսական հարցերով պրոռեկտորն է Արթուր Ավագյանը: Նա ՀՀԿ երիտթևի նախագահ Կարեն Ավագյանի եղբայրն է: Բայց թե նա ինչ կապ ունի այս հնարավոր չարաշահումների հետ, մեզ չհաջողվեց պարզել: Արթուր Ավագյանի հետ կապ հաստատել հնարավոր չեղավ: Ֆինանսատնտեսական հարցերով պրոռեկտորի պաշտոնում նա նշանակվել է 2013 թվականին: Դատախազության հաղորդագրության համաձայն, պակասուրդի մի մասը վերաբերում է 2016 թվականին: Մյուսների մասին չի նշվում: Բուհից նկատում են, որ պակասուրդը վերաբերում է տարբեր ժամանակահատվածների»:
