Լիազորված տնտեսական օպերատորները պետք է հաշվառվեն. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ բիզնեսի արտաքին տնտեսական գործունեության համար կարևոր նշանակություն ունի լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի գործարկումը. լիազորված տնտեսական օպերատորները պետք է հաշվառվեն: Այդ ինստիտուտը ներդրվել է նախանցյալ տարի, այն բիզնեսի տնտեսական գործունեության ու ակտիվության բարձրացման կարևորագույն գործիք կարող է հանդիսանալ: Այն թույլ է տալիս օպերատորներին աշխատել պարզեցված մաքսային ընթացակարգերով, վճարումների կատարման առումով ստանալ բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրում: Վարչապետը Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարեց, որ ֆինանսների և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների հետ համատեղ մեկ ամսյա ժամկետում վեր հանեն և վերացնեն իրավաբանական անձանց լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները, այդ թվում՝ օրենսդրական, և երկու ամսից զեկուցել, թե քանի լիազորված տնտեսական օպերատոր է հաշվառվել:
