Պատասխանատու են...
«ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն, եթե որոշել են ընտրություններից առաջ կոալիցիա կազմել, ուրեմն դա իրենց ներքին խնդիրն է, չնայած սովորաբար հակառակն է լինում: Դրա համար բացառապես պատասխանատու են իրենք »,-Հայելի.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Իսագուլյանը նշեց, որ այս երկու կուսակցությունները միգուցե ունեն պայմանավորվածություն ժամկետների մեջ, որը ներքին խոհանոցի խնդիր է.«Քավ լիցի, եթե պայմանավորվել են , ուրեմն թող անեն այդպես»,-ընդգծեց Իսագուլյանը; Անդրադառնալով սպասվելիք պորտֆելների դերակատարմանը` Իսագուլյանը նշեց, որ ուզում է նախնական ենթադրություններ չանել և հավատալ, որ այն ինչը հայտարարվում է` համապատասխանում է իրականությանը: «ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն հաստատ որոշակի լուրջ պայմանավորվածություններ ունեն և անգամ նրանց տարբեր հայացքները որոշ հարցերում չեն խանգարում իրենց ծրագիրը առաջադրելիս: Բայց այս մասին բացառապես իրենք կարող են հայտարարել և կարիք չկա նախնական եզրահանգումներ անել»,-ասաց Իսագուլյանը: Անդրադառնալով ՄԻՊ-ի երեք թեկնածուների հավակնություններին` Իսագուլյանը միանշանակ ընդգծեց.«Հանրապետականը այսօր Ազգային ժողովում մեծամասնություն է, ուրեմն այս պարագայում ամենահավանականը այն է, որ անցնի հենց ՀՀԿ-ի թեկնածուն : Որոշակի քննարկում է բնականաբար լինելու, մտքերի բախումներ, որը կօգնի բնականաբար, որ Մարդու իրավունքների ապագա պաշտպանը իր ծրագրերի մեջ ներառի բոլոր լավ առաջարկներն ու պատգամները: Բայց ՀՀԿ թեկնածուն է անցնելու…»,-եզրափակեց քաղաքական գործիչը: Նշենք, որ օրերս հրաժարական է տվել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` վերջինս այդ քայլին գնացել է ճնշումների ճանապարհով: Լուսինե Ղազարյան
