Նախընտրական կրքեր Արարատում․ Մարզպետը ազատել է պոլիկլինիկայի փոխտնօրենին. Հրապարակ
Մեր տեղեկություններով՝ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը իր մոտ է կանչել Արտաշատի պոլիկլինիկայի փոխտնօրեն Սերինե Հայրապետյանին եւ հրահանգել խորհրդարանական ընտրություններին աշխատել Հանրապետականի համար։ Սակայն վերջինս հրաժարվել է, մարզպետն էլ հրահանգել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Այս որոշումը պոլիկլինկայի աշխատակիցների բողոքն է բարձրացրել, ովքեր անգամ պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել մարզպետարանի մոտ։ Փորձեցինք տեղեկությունները ճշտել Սերինե Հայրապետյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ մարզպետը իրեն կանչել է եւ հայտնել, որ աշխատանքից ազատված է հակաքարոզչություն իրականացնելու համար, սակայն թե ինչ հակաքարոզչության մասին է խոսքը, իրեն հայտնի չէ։ Պոլիկլինիկայի փոխտնօրենը հայտնեց նաեւ, որ այժմ բոլոր աշխատակիցները բոյկոտել են եւ չեն աշխատում նման զրպարտության պատճառով։ «Եթե լրագրողները գան, պատրաստ ենք մարզպետարանի դիմաց ակցիա իրականցնել»։ Նշենք, որ Արամայիս Գրիգորյանը փետրվարի 2-ին է նշանակվել Արարատի մարզպետ՝ փոխարինելով նախկին վարչապետի թիմակից Ռուբեն Աբրահամյանին։ Նրան այս ընտրություններին ծանր գործ է բաժին հասել, պետք է դիմակայի եւ հաղթի Աբրահամյաններին։ Հովիկ Աբրահամյանը թեեւ Ծառուկյան դաշինքի ցուցակում չի ընդգրկվելու, բայց նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ռեյտինգայինով կառաջադրվի ԲՀԿ-ի կողմից։ Նախկին վարչապետ հայրն ու նրա թիմակիցները կօգնեն Արգամիկին ինչով կարող են։
