Դա խայտառակ ու կեղտոտ գործարք է. Շարմազանովը՝ Լապշինի արտահանձման մասին
Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-բելառուսական պատգամավորական բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը «կեղտոտ գործարք» է որակում Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելը:Նրա պնդմամբ՝ սա քայլ է, որն ուղղված է ՀԱՊԿ-ի երկու դաշնակիցների դեմ: Այս գործարքը ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Հայաստանի շահերից չի բխում։ «Սա քայլ է, որը ժողովրդավարական ռեժիմներին հատուկ չէ: Սա քայլ է, որը դեմ է հայ-բելառուսական քաղաքական հարաբերությունների մակարդակին: Որպես հայ-բելառուսական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ պետք է նշեմ, որ սա քայլ է, որը չի բխում ո՛չ հայ-բելառուսական հարաբերություններից, ո՛չ էլ ռուս-բելառուսական հարաբերություններից, որովհետև պարոն Լապշինը նաև Ռուսաստանի քաղաքացի է»,- նշեց Շարմազանովը: Նա հավելեց, որ Հայաստանը դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել է Լապշինի արտահանձնումը կանխելու համար: «Կասկած չունեմ, որ հայկական կողմը, մեր պառլամենտական գործիչները կբարձրացնեն այս հարցը։ Պաշտոնական Երևանն արդեն արձագանքել է։ ԱԳՆ խոսնակը ևս խիստ արձագանք է տվել»,- շեշտեց նա։
