Աննախադեպ խուզարկություններ Ժիրայր Սեֆիլյանի խցում, առգրավել են նրա իրերը
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել. «Ինչպես և կանխատեսվում էր, Ժիրայր Սեֆիլյանի կողմից «Հայոց բանակի 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձը» մամուլում հրապարակելուց հետո Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կալանքի պայմանների աննախադեպ խստացում է իրականացրել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ՝ անմիջականորեն ցուցում ստանալով վերին ատյաններից: Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հանցավոր ռեժիմի պարագլուխ Սերժիկ Սարգսյանի հոգեկան անդորրը վերականգնելու համար դիմել է զավեշտի սահմանն անցնող քայլի, հայտնվելով լիակատար հիմար իրավիճակի մեջ: Հրապարակումից անմիջապես հետո, երկու օր անընդմեջ, աշխատակիցները ներխուժել են Ժիրայր Սեֆիլյանի մենախուց և աննախադեպ խիստ խուզարկություններ իրականացրել այնտեղ: Դեպքի մանրամասները դեռ չենք հրապարակում, հույս ունենալով, որ միջադեպը կհարթվի: Այնուհանդերձ ակնկալում ենք, որ Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը օր առաջ կվերադարձնի Ժիրայր Սեֆիլյանի ապօրինաբար առգրավված իրերը: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք հրապարակել նոր մանրամասներ, որը զավեշտալի և անհարմար իրավիճակ կստեղծի ռեժիմի համար: Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը նաև հորդորում ենք չանցնել զավեշտի սահմանը և չենթարկվել ՀՀ իշխանությունը զավթած հանցագործ բանդայի պարագլուխ Սերժիկ Սարգսյանի անմիջական հրահանգներին և ապօրինի քայլեր չձեռնարկել «Արմավիր» ՔԿՀ-ում ապօրինի կերպով կալանքի տակ պահվող Հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ»:
