Տարել եք, մի հատ խաշ եք կերցրել, բերում ասում եք՝ հավանության ա արժանացրել. Բագրատյան
Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու փաթեթի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը անդրադառնալով ԿԲ-ի սխալներին, նշեց, որ դրանցից մեկը վարվող քաղաքականությունն է: «Ի՞նչ է անում Կենտրոնական բանկը, կայունացնում է դրամը, որովհետև ՀՀԿ-ականներին պետք է կայունություն, դա իրենց համար ավելի լավ է, քան թե զարգացումն իր ռիսկերով: Սա գլոբալ խնդիր է: Կայունացնելով դա՝ դոլարային գներն անընդհատ տանում է վերև»,- ասաց նա: Ինչպես նշեց, որ բոլոր սխալների համար պետք է պատասխան տալ: «Պատասխան տվե՞լ եք, որ 80 մլրդ-ով բյուջեն չի կատարվել, որ այդ 80 մլրդ ներդրումը չկա: Վայ էն երկրին, որտեղ գներն սկսում են իջնել: Ինչի՞ համար են գներն իջնում, իբր թե իջնում են: Էն էլ մեթոդիկան ա սխալ, հլա վեկալում ես, ծառայությունները համադրում ես, պարզվում ա լրիվ սխալ ա, ոնց որ գյուղատնտեսությունը, էդ գնաճի քաղաքականությունն էլ լրիվ բլեֆ ա: Հեսա կհելնի հետևիցս կասի, թե՝ Արժույթի միջազգային հիմնադրամը հավանության ա արժանացրել: Տարել եք, մի հատ խաշ եք կերցրել, բերում ասում եք՝ հավանության ա արժանացրել: Տեղյակ ենք, որ չկա մի միջազգային կառույց, որն ուզենա էս երկրի լավը, էս երկիրը խանգարում ա, դառել ա բոլորի աչքի փուշը, էստեղ ունեն քաղաքական հարցեր լուծելու, ինչպես Արևմուտքը, այնպես էլ Ռուսաստանը: Նրանք չեն ուզում, որ հայ ժողովրդի շահը պահանջող լուծում լինի: Եվ մեր ֆինանսական համակարգն այսօր թույլ չի տալիս, որ Հայաստանը զարգանա, ես միայն ցավում եմ, որ նոր վարչապետի գալով ոչինչ չփոխվեց, բացարձակ ոչինչ», հայտարարեց Բագրատյանը:
