Հանրապետականի գերխնդիրը
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Հայաստանում քաղաքական ուժերի համար ներքաղաքական օրակարգի ամենագլխավոր հարցն աստիճանաբար դառնում է խորհրդարանական ընտրապայքարի թեման: Նախընտրական կրքերն օրեցօր կարծես թե ակտիվանում են, իսկ որոշ ուժերի համար հաջորդ խորհրդարանում մանդատի լինել-չլինելը դարձել է ամենաարդիական հարցը»: Ըստ նրա՝ հանրապետականի համար գերխնդիրը պայքարելն է հանուն ուժեղ Հայաստանի: «Մենք արել ու անելու ենք հնարավորը, որպեսզի խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և ժողովրդավարական: Մենք պայքարելու ենք հանուն ուժեղ Հայաստանի, որտեղ չկան ներքին թշնամիներ, այլ կա միայն գաղափարական մրցապայքար, հանուն ազգային և հոգևոր Հայաստանի, որտեղ առաջնայինն ազգային և քրիստոնեական արժեքներն են, հանուն համերաշխ Հայաստանի, որտեղ չկան մերոնք և ձերոնք, հանուն անվտանգ Հայաստանի, որտեղ մեր հայրենիքի և քաղաքացու անվտանգությունն ու տնտեսական առաջընթացն առաջնայինն է, հանուն արդար Հայաստանի, որտեղ չեն լինի երկակի չափանիշներ և օրենքից իրենց վեր դասող չինովնիկներ, եւ վերջապես հանուն ժողովրդավարական Հայաստանի, որտեղ ամեն ինչ կորոշի քաղաքացու ընտրությունը կամ ինչպես կասեր Լինքոլնը, որտեղ արդար քվեաթերթիկը փամփուշտից ավելի զորեղ կլինի»,- նշեց նա:
