«Հայկանդուխտ»-ը բարկացել է
Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը դիմել է դատարան` «Հայկական վերածնունդ» կուսակցության գրանցումը չեղյալ համարելու համար: Արմենուհի Ղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ սկզբում դիմել է Կենտրոնի և Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարան, սակայն այնտեղից հետ են ուղարկել հայցը` նշելով, որ իրենց ընդդատյա չէ, այլ վարչական դատարանին: Սակայն վարչական դատարանից էլ է եկել պատասխան, որ այդ գործն իրենց ընդդատյա չէ, որ դիմեն առաջին ատյանի դատարան: Արմենուհի Ղազարյանն ասաց, որ վարչական դատարանի պատասխանից հետո հունվարի 31-ին դիմել է կրկին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, և չնայած եռօրյա ժամկետում պետք է ստանար դատարանի որոշումը, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: «Չգիտեմ՝ էլ ուր դիմեմ, սակայն գիտեմ, որ ինչ-որ մեկի ձեռքերը երկար են և հասնում են այս գործին: Մնում է հանձնել ժողովրդի դատին»,-ասաց Արմենուհի Ղազարյանը: Իսկ ՀՎԿ ներկայացուցիչները նորմալ համարեցին դատարանի այս վերաբերմունքը, քանի որ, ըստ նրանց, գործը վարույթ ընդունելու որևէ հիմք չկա: «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանն ասաց, որ ուրեմն հիմք չի եղել՝ դրանից ելնելով էլ դատարանը նման որոշում է կայացրել:
