Սերգեյ Լավրովի հայկական արմատների հարցը՝ ադրբեջանական մամուլի հիմնական թեմա
REGNUM գործակալությունը ակնարկ է հրապարակել` մեկնաբանելով ադրբեջանական մամուլում վերջերս քննարկվող ամենաթեժ թեմաներից մեկը: Ինչպես գրում է գործակալությունը` տարեսկզբին ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին անդրադարձել են ՌԴ ԱԳ նախարարի արմատներին: «Արբեջանական Haqqin.az քարոզչական մեքենան փետրվարի 2-ին հոդված էր հրապարակել` «Չէ՞ որ Ս. Լավրովը մեր վրացահայ Քալանթարովն է» խորագրով, որում ներկայացվում էր Լավրովի խոսքը Վրաստանում ԻՊ-ի աճող սպառնալիքի մասին: Իշխանամետ պորտալը այդկերպ փորձել էր միանգամից երկու նապաստակ խփել՝ Թբիլիսին ներկայացնել որպես ռուսական դիվանագիտության զոհ և հիշեցնել Լավրովի էթնիկ ծագման մասին», -գրում է ռուսական գործակալությունը: Նորաստեղծ Cebhe.info պորտալը, փորձելով վարկանիշ հավաքել, հունվարի 1-ին «մերկացնող» հոդված հրապարակեց` «Քալանթարով ազգանվամբ հայ նախարարի գաղտնիքները» խորագրով: Մինչդեռ Vesti.az-ը և «Ադրբեջանական Իզվեստիան» առավել խորամանկ են գործել` 2015-ի հունվարին հոդված հրապարակելով «հայերի վիրավորվածության մասին այն մարդուց, որին իրենցն էին համարում»: Այդ ժամանակ Բաքուն և Մոսկվան ռուսական զինտեխնիկայի գնման խոշոր պայմանագիր կնքեցին, ինչն էլ, ըստ աղբյուրի, առաջացրել էր հայկական կողմի դժգոհությունը:
