«Որտե՞ղ է Ցոլակ Դարբինյանը». Արամ Մանուկյանը փնտրում է Իշխան Զաքարյանին
Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը ներկայացրեց Վերահսկիչ պալատի՝ 2017 թվականի ծրագիրը։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարցրեց. «Ինչպես ֆիլմում է ասվում` իսկ ո՞ւր է Ցոլակ Դարբինյանը: Հասկանալի է, չէ՞, ում մասին եմ խոսում: Ո՞ւր է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ինչո՞ւ նա չի ներկայացնում ՎՊ տարեկան գործունեության ծրագիրը: Փոխարենը զբաղված է նախընտրական քարոզչությամբ»: Պատգամավորը հարցրեց` արդյո՞ք նման իրավասություն ունի Իշխան Զաքարյանը: Ի պատասխան՝ Ա. Նռանյանն ասաց, որ Ի. Զաքարյանը գտվում է արձակուրդում և հիմա զբաղված է նախընտրական գործընթացներով. «Ինչ վերաբերում է դրա իրավասությանը, կարծում եմ՝ օրենքի մեկնաբանությունը չի հանդիսանում մեր Վերահսկիչ պալատի իրավասություններում: Կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ հարցն ուղղել այն պետական մարմիններին, որոնք կարող են տալ նման մեկնաբանություն»։ Արամ Մանուկյանն արձագանքեց, թե ամեն անգամ մի պատճառաբանություն են ներկայացնում, այս անգամ էլ մի բան կասեն: Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի ղեկավարն է: Նա չի տվել հրաժարական, այլ վերցրել է արձակուրդ` իր հաշվին:
