Վահան Շիրխանյանին ցանկանում են ցավ պատճառել
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից ցանկանում են տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: Նրա պաշտպան Հայկ Ալումյանն ասաց,որ Քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար մի անձ, որի անունը չի ուզում տալ, հայտնել է, որ այդպիսի միջնորդություն կա ներկայացված: Կա պատճառ, կա պատրվակ. պատրվակն այն է, որ իբրեւ թե «Արմավիր ՔԿՀ-ում ավելի լավ պայմաններ են լոգանք ընդունելու համար իսկ պատճառն այն է, որ ուզում են հերթական անգամ սաստիկ ֆիզիկական ցավ պատճառել Վահան Շիրխանյանին: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը չի մասնակցում Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Արթուր Վարդանյանի` զինված խմբի գործով դատական նիստերին, նա ցանկանում է իրեն պատգարակ տրամադրել: Մինչդեռ հիմա էլ նիստերին մասնակցելու համար 40 րոպեանոց ճանապարհ պետք է անցնի մեքենայով: «Ուղեկցող մեքենան անընդհատ թափահարում է եւ ողնաշարի ցավեր ունեցող մարդու համար սա խոշտանգում է»,- ավելացրեց Հայկ Ալումյանը:
