Հորդորում ենք «լացակումած ազգի կերպարով» չներկայացնել.Վահրամ Բաղդասարյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ՀՀԿ ցուցակում կլինե՞ն գեներալներ ու օլիգարխներ, ասաց. «Դուք ցանկություն ունեք, որ հասարակության մի հատվածին մենք մեկուսացնե՞նք, մենք դրան հակված չենք: Անկախ ձեր տված որակումներից՝ գեներալներ, օլիգարխներ և այլն, մենք պետք է նկատի ունենանք նրանց ունակությունները պառլամենտական աշխատանքում և այդ սկզբունքով էլ պետք է կազմենք ցուցակը»: Իսկ թե իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, թե ՀՀԿ կանանց միջև ևս պայքար է ընթանում ,ասաց. «Այնպիսի համերաշխ մթնոլորտ, ինչպիսին որ ՀՀԿ կանանց մոտ է, ես այլ տեղ չեմ տեսել: Զարմանում եմ՝ այդքան կին մեկտեղ և այդպիսի համերաշխություն»: Նա չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ ծանր որոշում պետք է կայացնեն ընտրացուցակները կազմելիս. «Դա մեզ համար ծանր որոշում չէ, դա մեզ համար քաղաքական որոշում է, իսկ քաղաքական որոշումները բոլորի համար ընկալելի են, համենայնդեպս այդ կարգապահությունը կա մեր կուսակցությունում»: Անդրադառնալով ՍԴ դիմելու համար ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին, ասաց.«Եթե քաղաքական ուժերը գան համաձայնության, մենք կարող ենք ընտրությունների օրը փոխել: Իսկ Սահմանադրության հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անի, դա թող տան սահմանադրագետները:Ցանկացած դեպքում կարող են դիմել, բայց իմ կարծիքով՝ դա նախընտրական շոու է: Եթե պայմանավորվել ենք, որ կարող են բոլոր ուժերով որոշում կայացնել, ի՞նչ է նշանակում՝ ստորագրություն հավաքել, որ մամուլում ավելի հետաքրքիր տողե՞ր գրվի»: Դիտարկմանը, թե արդեն սկսվել է ցուցակների ներկայացման փուլը, արդյոք ժամկետային առումով խնդիր չի՞ լինի ընտրության օրը տեղափոխելու դեպքում, Վ.Բաղդասարյանը նշեց, որ դա կարող է ԿԸՀ-ն ասել: Ապրիլի 2-ի օրվա կապակցությամբ Բաղդասարյանը հորդորեց «լացակումած ազգի կերպարով» չներկայացնել, քանի որ հայ ժողովրդի համար յուրաքանչյուր օրացուցային օր կարող է մի ողբերգական պատմություն լինել, բայց այս քաղաքական օրերը պետք չի կապել դրա հետ:
