Դաշինքներում արհեստական ինչ-որ բան կա.Անահիտ Բախշյան
«Ազատ դեմոկրատներ միավորման» համամասնական ցուցակում ընդգրկված Անահիտ Բախշյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ շարունակելու է իրեն հոգեհարազատ քաղաքական գիծը, շարունակելու է զբաղվել զինհաշմանդամների հետագա բժշկական վերականգնողական հարցերով: «Կոչ եմ անում ժողովրդին՝ հետևել, թե որ քաղաքական ուժն ինչ բառապաշարով է մյուսի թերությունների մասին խոսում:Այդ ուժը, այդ բառապաշարը պետք է գնա խորհրդարան: Շատ կարևոր է, թե խորհրդարանում ինչ լեզվով, ինչ բառապաշարով են միմյանց հետ խոսում: Մենք գիտենք շատ դեպքեր, երբ տգեղ խոսակցություններ են լինում»,ասաց նա:Անդրադարձավ ձևավորվող դաշինքներին և ասաց, որ արհեստական ինչ-որ բան կա այդ ամենում. «Բոլորովին չենք լսել ինչ-որ շարժման անուն, մեկ էլ այդ շարժումը միանում է՝ չգիտեմ ում: Այո, արհեստական երևույթներ կան, բայց դա անխուսափելի է, սա այն է, ինչ կոչվում է՝ ընտրությունների նախապատրաստում: Մեր երկրում գոնե մենք ավելի քաղաքակիրթ, գրագետ մշակույթ չունենք: Ընտրական օրենսգիրքն էլ ամեն ինչ անում է, որ այդ վարկանիշն ընկնի: Այս ռեյտինգային կոչվածը, ինչպես Գևորգ Դանիելյանն է ասում, առանց կես լիտր խմելու՝ չես հասկանա»: Ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ «Ժառանգությունում» տեղի ունեցող ալեբախումներն իր համար անհասկանալի են, այսպես պատասխանեց. «Անհասկանալին այն է, որ «Ժառանգության» վարչությունը որոշել է անպայման դաշինքով մասնակցել, և բանակցություններն ընթանում են «ԵԼՔ» և Սեյրան Օհանյան դաշինքների հետ: «Ելքի» երիտասարդ անդամն էլ բարձրաձայնեց այդ մասին, թե չեն հասկանում «Ժառանգությանը». մի կողմից` «Ելք», մյուս կողմից` Սեյրան Օհանյան քաղաքական դաշինքը: Սրանք հակառակ քաղաքական բևեռներ ունեցող քաղաքական ուժեր են: Այսինքն՝ քաղաքական կողմնորոշումն ու գիծը, ծրագիրը, ստացվում է՝ կապ չունի»:
