«Ուզում եմ դառնալ պատգամավոր». Անահիտ Բախշյան
«Ռեյտինգային համակարգով կառաջադրվեմ Կենտրոն համայնքում: Այժմ համագործակցում եմ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հետ»,-Հայելի ակումբում լրագրողներին ասաց Երևանի ավագանու՝ «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանըև նշեց, թե ինչու է ընդունել Խաչատուր Քոքոբելյանի համագործակցության հրավերը. «2012 թվականին, երբ «Ազատ Դեմոկրատները» և «Ժառանգությունը» խորհրդարանական ընտրություններին ներկայացան մի ցուցակով, դա նշանակում էր, որ գաղափարական հենքը, քաղաքական գիծը, սկզբունքները շատ մոտ էին այդ ժամանակ: Այդ գիծը ինձ շատ հարազատ է: Դա Հայաստանի ինքնիշխանությունը պահելն է, մեր իրավական պետության տեսլականը, ապագան, ժողովրդավարական արժեքները, եվրոպամետ պետությունների մոդելն ու, իհարկե, մարդու իրավունքները: Այս արժեքները իմ սեփականն են: Ես ընդունել եմ պարոն Քոքոբելյանի հրավերը, և չեմ թաքցնում՝ ուզում եմ դառնալ պատգամավոր»: «Ժառանգությունից» դուրս գալու որոշումը մեկ օրում չի եղել: «Այդ կուսակցությունում անհասկանալի բախումներ են: «Ժառանգության» վարչությունը որոշել է անպայման դաշինքով մասնակցել ընտրություններին, և բանակցությունները գնում են «Ելքի» և Սեյրան Օհանյանի հետ: Սրանք ակնհայտ հակառակ բևեռներ ունեցող դաշինքներ են: Չեմ հասկանում ՝ ինչպես են բանակցում և նրա, և մյուսի հետ»,-իր որոշման մասին այսքանն ասաց տիկին Բախշյանը:
