Եթե հանկարծ ձնհալ եղավ, սելավն անխուսափելի է.բնապահպան
«Կուսակցություններն ու դաշինքները ամեն ինչի մասին խոսում են, սակայն էկոլոգիական որևէ խնդրի մասին որևէ նախադասություն չենք լսել: Սա է մեզ դրդել,որ կոչով հանդես գանք՝ ներկայացնելով էկոլոգիական այն խնդիրները, որոնք օրհասական ենք համարում: Ուզում ենք, որ իրենք դրանց լուծման իրենց ծրագիրը ներկայացնեն»,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Նշենք,որ «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպությունը՝ «Տապան» էկո ակումբի, «Թռչնասերների կենտրոնի» և Հայկական բուսաբանական ընկերության հետ համատեղ հանդես է գալիս կոչով՝ ուղղված կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներին: «Հայաստանն այսօր մեծ քայլերով գնում է դեպի խորը էկոլոգիական ճգնաժամ:Մեր ամենամեծ մտահոգությունը հանքարդյունաբերության արագ զարգացումն է, որի արդյունքում մենք զրկվում ենք բնական ռեսուրսներից, երկիրը ծածկում ենք պոչամբարներով, ինչը խիստ վնասում է միջավայրը և մարդկանց առողջությունը, վնասում է գյուղատնտեսության և տուրիզմի զարգացումը:Էկոլոգիական հաջորդ կարևոր խնդիրը արարատյան արտեզյան ավազանի անխնա շահագործումն է:Այնպիսի վնաս ենք տվել այդ ռեսուրսին, որ այդ ավազանի ջրերը մինչև 15 մետր իջել են»,-նշեց տիկին Դանիելյանը: Բանախոսն անդրադարձավ նաև կլիմայի փոփոխությանը՝ նշելով, որ եղանակն այսօր անկանխատեսելի է դարձել. «Երևանն ունի երկու սելավատար, որոնք շինարարական աղբով են լցված: Եթե հանկարծ ձնհալ եղավ, սելավն անխուսափելի է»:
