Օրբելյանը, հուսանք,ադրբեջանցի երգիչներից հետո նաև հայ կատարողներին կհրավիրի փառատոնների
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում անցած տարի Կոնստանտին Օրբելյանի նշանակումից հետո շատերի մեջ հույս արթնացավ, որ աշխարհի տարբեր մշակութային կոլեկտիվների հետ աշխատած դիրիժորը ոչ միայն նոր շունչ կտա երևանյան օպերային, այլ նրա երգիչ-երգչուհիների համար նոր հնարավորություններ կստեղծի՝ հանդես գալ աշխարհահռչակ բեմերում ու փառատոններում:
Սակայն նրա համահեղինակության կազմակերպած վերջին համերգին, որ տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին,Կրեմլի դահլիճում՝ «Դմիտրի Խվորոստովսկի և ընկերներ» նախագծին որևէ հայ կատարող չի մասնակցել:
Փոխարենը «Դմիտրի Խվորոստովսկի և ընկերներ»-ում է եղել ադրբեջանցի օպերային երգչուհի, Ադրբեջանի վաստակավոր արտիստ Դինարա Ալիևան, որին, ըստ ասեկոսեների, հենց Կոնտանտին Օրբելյանն է հրավիրել:
Մաեստրոն, հուսանք, ժամանակ կգտնի նաև հայ կատարողների՝ այդ թվում վաստակավոր արտիստների համար մշակութային վերելքին աջակցել ու նրանց համար արվեստի նոր կամուրջներ գծել, նաև՝ երևանյան օպերայում ուշագրավ նախագծեր ներկայացնել:
Հեղինակ՝
Ա.Գրիգորյան
ՀԳ.Հիշեցնենք,որ երեկ Օպերայի և թատրոնի ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը իր դիմումի համաձայն ազատվել է տնօրենի պաշտոնից ,նրա փոխարեն նշանակվել է գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը,ով ի դեպ աշխատանքի է ներկայացել տուրիստի կարգավիճակով,հետաքրքիր է այս դեպքում ինչպես է աշխատելու:
Լուսանկարում՝ Կոնստանտին Օրբելյանն ու Դինարա Ալիևան

