Թոխմախին «բարտեր» են արել Սնխչու հետ
Հրապարակը գրում է. բավականին հետաքրքիր «բարտեր» է տեղի ունեցել Էրեբունի-Շենգավիթ ընտրատարածքում, ուր ԲՀԿ-ից ռեյտինգայինով պատգամավորության թեկնածու է առաջադրվելու իշխանություններից նեղացած, բայցեւ ՀՀԿ-ից դուրս գալու համարձակություն չունեցած Թոխմախի Մհերի՝ արտասահմաններում ուսանած որդի Դավիթը: Ինչից էլ իր հերթին ահավոր նեղված է 2008-ից Էրեբունու ԲՀԿ կառույցի ղեկավար, ԲՀԿ հիմնադիր, ԲՀԿ-ի համար ժամանակին մեծ թվով ձայներ ապահոված Սնխչի Հարութը` Հարություն Կարապողոսյանը: Վերջինս մեկ շաբաթ առաջ դիմում է գրել եւ դուրս եկել «Բարգավաճ Հայաստանից», քանզի դեմ է եղել Թոխմախի որդու հայտնվելուն հարազատ կուսակցությունում: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Էրեբունի-Շենգավիթում նա ռեյտինգայինով պատգամավորության թեկնածու է առաջադրվելու ՀՀԿ-ի կողմից: Առաջադրվելո՞ւ եք՝ հարցրինք վերջինիս: «Փորձելու եմ»: Ունե՞ք ՀՀԿ աջակցությունը։ «Ի՞նչ ասել է` աջակցություն. դեռ 1992-ից ես քանիցս առաջադրվել եմ, խայտառակ աջակցություն եմ ստացել ժողովրդի կողմից, ինչ-ինչ պատճառներով պատգամավոր չեմ դարձել։ Այժմ անկուսակցական եմ, բայցեւ, այո, առաջադրվելու եմ ՀՀԿ ցուցակով»:
