Գագիկ Խաչատրյանի ընկերությունները բացակայում են 1000 խոշոր հարկատուների ցանկից. ըստ որոշ լուրերի՝ ցանկանում է հեռանալ ՀՀ-ից
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ սերտորեն փոխկապակցված ընկերությունների հետ տարօրինակ բաներ են կատարվել անցած տարվա ընթացքում։ Դրանցից մի քանիսն այլևս չկան 1000 խոշոր հարկատուների ցանկում. Գրել է «Հայկական ժամանակ»-ը: «Նախկին մեգանախարարին պատկանող «Մեգամոթորս» և «Մեգակոնցեռն» ընկերությունները 2016թ. խոշոր հարկատուների ցանկում բացակայում են։ «Մեգասպորտ» ընկերությունը վճարել է 163 միլիոն դրամի հարկ այն դեպքում, երբ նախորդ տարի վճարել էր 218 մլն դրամ։ Վճարված հարկերի մակարդակով իր դիրքերը դեռ պահել է «Մեգաֆոն» ընկերությունը, որը թե անցած և թե նախորդ տարի վճարել է 1.07 միլիարդ դրամի հարկ։ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ «Ապեյրոնը» անցած տարի վճարել է 880 միլիոն դրամ, նախորդ տարվա 900 միլիոն դրամի փոխարեն: Ընդհանուր առմամբ վերը նշված ընկերություններից պետբյուջեն անցած տարի ստացել է 2.1 միլիարդ դրամ, նախորդ տարվա 2.5 միլիարդ դրամի փոխարեն, կամ 16 տոկոս պակաս։ Գագիկ Խաչատրյանի ազդեցությունը թուլացավ անցած տարվա մարտին, երբ ՊԵԿ-ը հանվեց նրա ղեկավարած ֆինանսների նախարարության կազմից, իսկ սեպտեմբերին նա հրաժեշտ տվեց նաև ֆիննախարարի պաշտոնին։ Ներկայումս նա որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում, իսկ ըստ որոշ լուրերի, մտադրություն ունի հեռանալ Հայաստանից», - գրել է թերթը:
