«Նուբարաշենում» պահվող կալանավորված Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի փետրվարի 1-ին և 3-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավորված անձ Ներսես Պողոսյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ և ուսումնասիրել վերջինիս պահման պայմանները: 2017 թվականի փետրվարի 3-ի այցելության ընթացքում պարզվել է, որ Ներսես Պողոսյանը նույն օրը դիմում է ներկայացրել հացադուլի և ջրադուլի դադարեցման վերաբերյալ: Վերջինս պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի թիվ 2 հիվանդասենյակում՝ մեկուսի: Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է, որ դադարեցրել է ջրադուլը և հացադուլը, քանի որ գիշերն առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Ն. Պողոսյանը Պաշտպանի ներկայացուցիչների ներկայությամբ զննվել է բժիշկների կողմից և ստացել հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն:
