Տիգրան Թորոսյանը՝ ՀՀԿ դպրոցում դասախոսելու մասին
«ՀՀԿ նախկին փոխնախագահ և Աժ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը դասախոսելու է հրավիրվել Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում։ Այս հանգամանքը Տիգրան Թորոսյանի հետ զրուցելու առիթ հանդիսացավ։«Հայկական ժամանակ»-ը զրուցել է նրա հետ. - Պարոն Թորոսյան, դոփ փաստորեն հրավիրվել եք դասախոսելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում։ - Կարծում եմ, լրագրողական շրջանակներում մի փոքր թյուրըմբռնում է առաջացել, թեև պարոն Աշոտյանն ամեն ինչ ճիշտ Է ներկայացրել։ Իսկապես, անցած տարեվերջին ինձ հրավիրել Էին ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում դասախոսություն կարդալու ԼՂ խնդրի և ընդհանրապես հակամարտությունների կարգավորման վերաբերյալ։ Բայց խոսքը մեկ դասախոսության մասին Է, այլ ոչ թե այնտեղ աշխատելու։ Ուրախ եմ, որ գնահատվել Է տևական մասնագիտական աշխատանքը, որի արդյունքում տպագրվել են երեք մենագրություններ և բազմաթիվ գիտական հոդվածներ հայաստանյան և օտարերկրյա հեղինակավոր գիտական հանդեսներում։ Ուրախ եմ նաև, որ ունկնդիրները, որոնց մի մասը վաղը Հայաստանի քաղաքական կյանքում կարող է կարևոր դերակատարություն ունենալ, անկեղծ հետաքրքրությամբ Էին մասնակցում դասախոսությանը։ Կարծում եմ ՀՀ առջև ծառացած խնդիրների լուծման տեսակետից կրթությունն ու գիտությունն ունեն բացառիկ նշանակություն և հետագայում էլ կարձագանքեմ դրան աջակցող ցանկացած նախաձեռնության։ - Իսկ դուք քաղաքականություն վերադառնալու ցանկություն չունե՞ք։ - Դրա համար չափազանց լուրջ պատճառ պետք Է լինի։ Այն, ինչով զբաղված եմ վերջին մի քանի տարիներին, ինձ գոհացնում է՝ և հետաքրքիր Է, և կարևոր։ Խոսքը վերջին 4-5 տարիներին Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում քաղաքագիտության ոլորտում գիտակրթական ծրագրի իրականացմանն Է վերաբերում, որն ապահովում Է միջազգայնորեն մրցունակ և բակալավրիատի, և մագիստրոսական, և ասպիրանտական կրթություն, համապատասխան գիտական հանդեսի հրապարակում առաջիկայում միջազգային հայտնի շտեմարաններում ընդգրկվելու հեռանկարով, և այլն։ Ստեղծվել Է ակտիվ միջազգային համագործակցություն, մի շարք երկրների բարձրակարգ մասնագետներ են մասնակցում թե՛ հանդեսի հրատարակման աշխատանքներին, թե կրթական ծրագրերի զարգացմանը։ Արդեն ունենք ասպիրանտներ, որոնց թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունը կիրականացվի երկակի աստիճանաշնորհման սկզբունքով Գերմանիայի լավագույն համալսարանների հետ։ Հնարավորություններ կան մագիստրատուրայի լավագույն ուսանողներին միջազգային համագործակցության շրջանակներում ընդգրկելու համար, կան բազմաթիվ այլ նպատակներ ու ծրագրեր։ Այնպես որ, հետագայում այդ ամենով չզբաղվելու որևէ պատճառ չեմ տեսնում»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
