Եթե մեկ կուսակցություն կլինի, որը դեմ է ընտրությունների օրը փոխելուն, անհրաժեշտություն չենք տեսնի օրը փոխելու. Շարմազանով
Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարել է Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ականները նիստում որոշում են ընդունել, որի համաձայն ՀՀԿ խորհրդի կազմի անդամությունից ազատվել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արարատի նախկին մարզպետ Ռուբեն Աբովյանը, Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Խորհրդարանական ընտրությունների օրը ապրիլի 2-ից այլ օր տեղափոխելու հարցի վերաբերյալ ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չունի, քանի որ չի լսել քաղաքական բոլոր դերակատարների կարծիքը:
«Եթե բոլոր քաղաքական դերակատարները գան համաձայնության, որ ապրիլի 2-ի ընտրությունների օրը կարելի է փոխել, մենք խնդիր չենք տեսնում այդ հարցի քննարկման համար», - ասաց կուսակցության մամուլի խոսնակը:
Նա նշեց, որ բացի մեկ-երկու քաղաքական ուժից, չի լսել պաշտոնական կարծիք, որ նրանք դեմ են ապրիլի 2-ին ընտրության օր հռչակելուն:
«Մենք շատ պարզ ենք խոսել, ասել ենք՝ եթե մեկ կուսակցություն կլինի, որը դեմ կլինի օրը փոխելուն, մենք անհրաժեշտություն չենք տեսնի օրը փոխելու համար», - ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
