Նիկոլ Փաշինյանի պատասխանը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին. Պարոն Հարությունյան. Հաշվի առնելով, որ ս/թ հունվարի 23-ի հաղորդագրությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ինձ առաջարկել է բանանի (ադամաթուզ) հայաստանյան շուկայի վերաբերյալ համատեղ քննություն իրականացնել և ընդունել եմ առաջարկը, ներկայացնում եմ առաջին երկու հարցադրումները, որոնց շուրջ պատրաստ եմ ՊԵԿ-ի հետ համատեղ քննություն իրականացնել. ա) 2016 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հաղորդագրություն է հայտնվել, որում մասնավորապես ասվում է. «ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը, օրերս որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս: Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է Պետական եկամուտների կոմիտե: Այսպես, Օպերատիվ հետախուզության և Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը»: Հարց 1. Ովքե՞ր են հաղորդագրության մեջ հիշատակվող՝ բանանի ներկրումը խոչընդոտած անձինք: Հարց 2. Ի՞նչ իրավական ընթացակարգեր են ձեռնարկվել նշված անձանց նկատմամբ:
