Մերկելը Թուրքիայում իր մտահոգությունն է հայտնել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Անկարայում բանակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Օրակարգում միգրանտների հոսքը Եվրոպա կանխելու շուրջ Եվրամիության և Թուրքիայի անցյալ տարվա համաձայնության կատարման խնդիրն է: Բացի այդ, կանցլերը և նախագահը կքննարկեն անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողումից հետո Գերմանիայում ապաստանած թուրք մի քանի տասնյակ զինծառայողներին Թուրքիա արտահանձնելու հարցը: Մերկելը կոչ է արել Թուրքիայում պահպանել քաղաքացիական իրավունքները:Անդրադառնալով Թուրքիայում կայանալիք հանրաքվեին, նշել է, որ անհրաժեշտ է պահպանել կարծիքների ազատությունը, իշխանության տարանջատման սկզբունքը եւ հասարակության բազմազանությունը։ «Ընդդիմությունը ժողովրդավարական համակարգի մաս է, դրանում մենք ամեն օր համոզվում ենք»,– ասել է նա։ Մերկելը նաեւ կողմ է արտահայտվել, որ ԵԱՀԿ դիտորդները Թուրքիայում հանրաքվեի մշտադիտարկում անցկացնեն։ Բացի այդ, Մերկելը մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրագրողների հալածանքների կապակցությամբ։
