Համակարգը այսօր հիվանդ է, նրան պետք է օգնել, պետք է բուժել.Կարեն Թումանյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ կարծում է, որ սկզբունքորեն Սահմանադրությունը և Սահմանադրությանը հաջորդող զարգացումները եկան ազդելու այս ընտրություններին հայտ ներկայացնող ուժերի և դաշինքների ձևավորումներին: «Առկա իրավիճակում կան այլընտրանքային խմբեր։ ՀՅԴ-ն այս երկու ամիսներին չի քննարկում իր առաջիկա հնարավորությունները, ծրագրային խնդիրները, ակնկալիքները: Կարծում եմ՝ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀՀԿ-ն, քաղաքական իմաստով էապես չտարբերվող ուժեր են։ «Ելք» դաշինքը, որն արդեն հստակ ձևակերպված է, և, կարծես թե, որոշակի շրջանակներում որոշակի համակրանք ունի, դաշինքի անդամներն էլ բավական հայտնի են, այլընտրանքային տարբերակ են առաջարկում հանրությանը։ Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքը նույնպես այլընտրանք է »,-ասաց նա: «Ես ուշադիր հետևում եմ Սեյրան Օհանյանի անձի և անցյալի վերաբերյալ քննարկումներին: Իմ խորը համոզմունքը նա է, որ Սեյրան Օհանյանին աշխատանքից հեռացնելու հիմքում ընկած էր այն, որ ՀՀԿ-ն լուրջ անվստահություն ուներ, թե դեպքերի իր համար անցանկալի զարգացումների դեպքում, կարող է, Սեյրան Օհանյանը բանակը չօգտագործեր ներքին քաղաքական խնդիրների լուծման համար։ Ես նման ներքին համոզմունք ունեմ։ Կարծում եմ՝ անհրաժեշտություն կար բանակի գլխին դնել ավելի նվիրյալ և ավելի ենթակա անձի»,-ասաց Խառատյանը: «Հայկական վերածնունդ» Կառավարման խորհրդի անդամ Կարեն Թումանյանը կարծում է, որ հույսը ոչ թե դաշինքների վրա պետք է դնել, այլ խորքային, համակարգային փոփոխությունների. «Համակարգը այսօր հիվանդ է, նրան պետք է օգնել, պետք է բուժել, քանի որ այն այլեւս նոր մարտահրավերների չի դիմանա»: Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն էլ կարծում է,որ առնետավազք է սկսվել.«Էստեղից էնտեղ են գնում: էն լավ, թմբլիկ առնետները գնում են լավ տեղ, էն մանրները՝ ուրիշ տեղեր»: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք Հովիկ Աբրահամյանին պատկերացնում են ընդդիմադիր դաշտում, Հրանուշ Խառատյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը այն ուժի կողմն է, որ իշխանության է ձգտում, այսօրվա իշխանությունը չի ընդունում նրան, ուրեմն նա պետք է ուրիշ հավանական տեղ փնտրի ու գտնի»: «Լինելով մտավորականության ներկայացուցիչ՝ կտրուկ քայլեր չեք անում:Դուք, ինտիլիգենցիայի փայլուն ներկայացուցիչ եք, փայլուն անցյալով, ներկայով ու համոզված եմ՝ ապագայով: Բայց ձեր պայքարի ձեւերը մեթոդիկ են, միայն արձագանքում եք, պետք է առաջնորդեք այս պայքարը»,հայտարարեց Կարեն Թումանյանը՝մեղադրելով Հրանուշ Խառատյանին: «Երբեք մտավորականությունը չի ստանձնել քաղաքականության ղեկը, նրանք արտահայտվում են, ցույց են տալիս, բայց ուժ չէ, քաղաքական հայտ չունեն: Ես չեմ կարծում, որ ներքին պատերազմը պետք է խարսխվի մտավորականության վրա»,-պատասխանեց Խառատյանը:
