Ումից է Արամայիս Գրիգորյանը ստացել մարզպետի պաշտոնը ստանձնելու առաջարկը
«Արարատի մարզպետի պաշտոնը ստանձնելու առաջարկություն ստացել եմ և՛ Հանրապետության նախագահից, և՛ Հանրապետության վարչապետից: Ինձ հետ այսօր առավոտյան վարչապետն է զրուցել և ես տվել եմ իմ համաձայնությունը», - կառավարությունում ասաց Արամայիս Գրիգորյանը: Հարցին՝ արդյոք իր նշանակումը քաղաքական միտում չունի՞ ու նպատակ չկա՞ մարզում թուլացնել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը, Արամայիս Գրիգորյանը պատասխանեց.«Դա իմ հարցը չէ:Կարծում եմ` դա իմ հարցը չէ, որովհետև ես ժողովրդին ծառա եմ գնում, ես աշխատել եմ այդ տարածքում, ժողովուրդն ինձ շատ լավ է ճանաչում, ես էլ ժողովրդին եմ շատ լավ ճանաչում: Այնպես չէ, որ այստեղ քաղաքականություն է: Ես գնում եմ ծառայելու, որպեսզի կարողանանք մի բան ավել անել մեր ժողովրդի հոգսերը թեթևացնելու համար»: Նա չանդրադարձավ նաև գալիք ընտրությունների ընթացքում իր աշխատանքին, նշելով, որ այդ մասին դեռ վաղ է խոսել: Ինչ վերաբերում է մարզում հնարավոր կադրային փոփոխություններին, նոր մարզպետի խոսքով, պրոֆեսիոնալ աշխատողները կշարունակեն աշխատել: «Բոլոր այն մարդիկ, որոնք կարողանում են աշխատել, պրոֆեսիոնալ իրենց գործն անել ու վայելում են ժողովրդի կողմից հարգանք` բոլոր այդ մարդիկ պետք է մնան ու շարունակեն աշխատել», - ասաց Արարատի նոր մարզպետը:
