Ձիերը գողացել, մորթել և վաճառել էին Երևանի շուկաներից մեկում/տեսանյութ/
Ձիերը գողացել, մորթել և վաճառել էին Երևանի շուկաներից մեկում։ Հիշեցնենք,որ Hayeli.am-ը դեռ օրեր առաջ գրել էր,որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ Արմեն Սարգսյանին պատկանող հինգ ձին գողացել են, ապա մորթված վիճակում տեղափոխել Երեւանի ԳՈՒՄ-ի շուկա։ Մեր տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ներկայացնելով մանրամասներ։ «Հունվարի 21-ին Ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում ենք ստացել, ըստ որի քաղաքացին դիմել է, թե հունվարի 16-ին Աղձք գյուղից կորել են իր հինգ ձիերը, իսկ 21-ին փնտրման ժամանակ գտել է կորած ձիերի պարկի մեջ լցրած աղիների մնացորդները։ Հաղորդել է, որ ձիերը գողացել, մորթել են, ձեռնարկած միջացոռումներով կատարողները հայտնաբերվել են արդեն, տվել են խոստովանական ցուցմունք»,-ասաց Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը՝ հավելելով, որ հետաքննության նյութերն ուղարկվել են մարզի դատախազություն։ Հետաքրքրվեցինք՝ գողություն կատարողը նո՞ւյն գյուղի բնակիչ է եղել, պարզվեց որ վերջինս Ոսկեհատ գյուղի բնակիչ է։ Զրուցեցինք նաեւ Աղձք գյուղի աշխաակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ․ դեպքի մասին տեղեկացել են անասնաբույժի կողմից հաշվառում կատարելու ժամանակ․ «Ասել է՝ ձի չունեմ, կորել են ձիերս, վերջերս էլ պարզ է դարձել, որ գողացել են»,-ասաց Գեւորգյանը։ Վերջինիս խոսքով՝ գյուղացին «նորմալ, աշխատող մարդ է, թշնամիներ չի ունեցել, չի կարող վենդետա լինել»․ «Անցած տարի գյուղում ամենաշատ ձիերն ինքը ուներ, իսկ էս տարի անասնաբույժը, որ գնացել է հաշվառում անելու, ձի չի եղել։ Ձմռան սեզոնին ձիերը սովորաբար թողնում են դաշտերում, կարողանում են սնունդ հայթայթել։ Հետո, որ գնացել է փնտրել, հասկացել է, որ գողացել են»,-ասաց գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը։ Հարցին՝ գյուղացին ֆինանսական ի՞նչ կորուստ է ունեցել ձիերի գողությունից հետո, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հստակ չի կարող ասել, այն կախված է ձիու տեսակից, բայց ամեն դեպքում մեկ ձին 1000 ամերիկյան դոլարից ցածր գին չի ունենա։ Ուշագրավն այն է, որ ձիերը ինչպես գյուղացիներն են ասում «ծանրած» (հղի) են եղել:
