Լեռնային Ղարաբաղի կարգավորումը դիտարկվում է որպես առաջնահերթ և մեծ կարևորության հարց
Հայ-ամերիկյան առևտրային պալատի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը՝ ամփոփելով դեսպանատան 15 ամիսների գործունեությունը, ծրագրերն և ուղեգծերը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարեց, որ մեկ տարվա ընթացքում իրենք ականատես են եղել այնպիսի իրադարձությունների, որոնք փոխել են Հայաստանի քաղաքական և տնտեսական համայնապատկերը, ինչպես նաև ի ցույց դրել երկրի անընկճելիությունն աղետալի իրավիճակներում: Նրա խոսքով՝ այս 15 ամիսների ընթացքում և, առավելապես, ապրիլյան ողբերգական բախումներից հետո իր համար պարզ դարձավ, թե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե հայերի, և թե Հայաստանի միջազգային ու սփյուռքի բարեկամների կողմից, չեն ուղղվում մեր ընդհանուր նպատակներին և այն գերակա ուղղություններին, որ ինքը և դեսպանատունը սահմանել են իրենց համար: Դեսպանը նշեց, որ ԱՄՆ կառավարությունը և անձամբ ինքը, աշխատելով Մինսկի խմբի նոր ամերիկյան համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդի հետ, շարունակում են Լեռնային Ղարաբաղի կարգավորումը դիտարկել որպես առաջնահերթ և մեծ կարևորության հարց:
