Հաշմանդամության 3-րդ կարգի հարցում փոփոխություններ կարվեն. Արտեմ Ասատրյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են եղել Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում (ԲՍՓ), ինչ իրավիճակ է համակարգի ներսում: Նախարարը նշեց, որ արմատական փոփոխություններ ու վերանայումներ են արվել, թե քաղաքացին ինչպես է դիմում համակարգին, ինչպես է հաշվառվում համակարգում, ինչպես է որոշումը կայացվում, ու փողը` փոխանցվում: «Ամենակարևորը, որ դիմողը չի տեսնելու ու չի շփվելու որոշում կայացնողի հետ: Առողջապահության նախարարության հետ քննարկել ենք, թե ինչպես հստակեցնեն քաղաքացու օբյեկտիվ զննման կարգը, ինչպես տարանջատենք գործառույթները, պատասխանատվությունը, որ ամեն նախարարություն իր մասով իրականացնի իր գործողությունները: Լուրջ փոփոխությունների ականատես կլինենք առաջիկայում»,- ասաց նախարարը: Հարցին, թե կվերանայվեն երրորդ և երկրորդ կարգ ստացածների վերաբերյալ որոշումները, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ հաշմանդամություն ունենալը և հիվանդություն ունենալը տարբեր բաներ են: «Որևէ փոփոխություն ինքնանպատակ չէ, ավելին` հիմքում դրված է հետևյալը, եթե քաղաքացին հիվանդություն և բուժօգնության կարիք ունի, ապա կձևավորվի վերականգնողական անհատական ծրագիր, որի ներքո կիրականացվի համապատասխան ծառայության մատուցումը: Եթե քաղաքացին հաշմանդամ չէ, ապա, բնականաբար, հաշմանդամության թոշակառու չի կարող ճանաչվել»,- նշեց նա:
