Էդվարդ Նալբանդյանը պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանին
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում առաջիկայում հնարավոր է: Մինսկի խմբի համանախագահները նրանց առաջարկել են հանդիպել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին. «Հայաստանը համաձայն է, բայց ինչ խաղեր կտա այս անգամ Ադրբեջանը, ո՞վ գիտի»,-ասում է ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի արտգործնախարարն այսօր բազմաթիվ թեմաների անդրադարձավ: Մասնավորապես նախարարը պարզաբանեց ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ կապված պատմությունը, ըստ որի Ադրբեջանը պահանջել է փակել այն, քանի որ զբաղվում է իր մանդատին չհամապատասխանող գործով. «Պատրվակն այն է, որ իբրեւ թե ԵԱՀԿ գրասենյակը Երեւանում զբաղվում է ականազերծման ծրագրով, որը չի համապատասխանում իր մանդատին: Իրականում ոչ թե այանազերծման ծրագրով, այլ ականազերծման իրազեկվածության ծրագիր է եւ շատ փոքրիկ »: ԵԱՀԿ-ն գալիս է Երեւան եւ գնալուց հետո հայտարարում, որ գրասենյակը գործում է իր մանդատով. «Իմիջիայլոց դուք գիտեք, որ Ադրբեջանը փակել է ԵԱՀԿ գրասենյակը Ադրբեջանում»,-նկատել է տալիս Էդվարդ Նալբանդյանը: Նախարարն այսօր բավականին ծավալուն է խոսել ղարաբաղյան հարցի լուծման մասին: Նա ակնարկել է որ 2007-ից բոլորովին նոր իրավիճակ է, մադրիդյան առաջարկներն են սեղանին եւ 20 տարի առաջվա լուծումներն այսօր բանակցային թեմա չեն. «Եռանախագահող երկրները բազմիցս ասել են, որ դրանք մշակված եւ ներկայացված են որպես մեկ ամբողջություն»,-ասել է նա: Պարոն Նալբանդյանը չի մեկնաբանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունները հենց մադրիդյան առաջարկների մասով: Ինքը միայն հարգանքով կվերաբերվի դրանց՝ մենք ի վերջո շատ առաջ ենք գնացել այդ մտահոգություններից. «Ամբողջ գործընթացում եղել է մեծ զարգացում: Այդ բանակցությունները, այդ զարգացումները նկատի են ունեցել նաեւ նախորդ փորձը»,- ասում է ՀՀ Արտգործնախարարը: Նախարարը չի ասի, որ ղարաբաղի հարցի լուծման օգտին այսօր ամենամեծը Ռուսաստանի հնարավորություններն են: Մեծ են նաեւ Ֆրանսիայի եւ Ամերիկայի հնարավորությունները: Նրանք ի վերջո միասին են աշխատում հարցի լուծման ուղղությամբ: Խոչընդոտման մեղավորը Բաքուն է, ոչ թե համանախագահները. «Ի՞նչ են ասում ադրբեջանցիք: Ասում են՝ այս հիմնախնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության հիման վրա: Ի՞նչ է ասում միջազգային հանրությունը՝ ասում է՝ երեք սկզբունքի հիման վրա, որոնք մեկ ամբողջականություն են» Ժամանակն, ըստ նախարարի, եկել է, որպեսզի սթափեցնեն Ադրբեջանին: Սթափեցման եղանակների մասին նա ոչինչ չի ասում:
