«Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվեց խայտառակ մեկուսացման մեջ». Նալբանդյան
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցի շուրջ առկա իրավիճակին, նշեց, որ Ադրբեջանն այնպես խեղաթյուրեց ձեռք բերված պայմանավորվածությունները, որ ՄԽ համանախագահները դա անվանեցին այլասերում:խոսելով ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներից, թե հայկական կողմն այս հարցով պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է Վիեննա, Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ իրականում այցը Վիեննա հայկական կողմի նախաձեռնությունն էր, ավելին, իր առաջարկը՝ հանդիպումներ ունենալ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ «Ի դեպ, մեր առաջարկը չէր այդ ծրագիրը: Մենք ընդունեցինք այդ առաջարկը։ Բոլոր երկրները, նախագահող երկիրը հատուկ հայտարարեցին, որ բարձր են գնահատում ՀՀ շատ կառուցողական մոտեցումը, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչն ընկավ խայտառակ մեկուսացման մեջ, վայնասուն բարձրացրեց, ասաց, որ՝ այո, վտանգում է Ադրբեջանին գրասենյակը, առանց գիտակցելու, որ ԵԱՀԿ-ի դեմ է դուրս գալիս: Իսկ իրական պատճառն այն է, որ ՀՀ-ին միշտ օրինակ են բերում»,- ներկայացրեց Նալբանդյանը։ Այնուհետև՝ նշեց, որ հայկական կողմը չի հրաժարվում հանդիպումներից. «Մենք չգիտենք` ինչ խաղեր կտա Ադրբեջանն այս անգամ, ինչպես դա եղավ Համբուրգում կամ դրանից առաջ: Պայմանավորվում ենք մի բան, հետո նրանք ձևացնում են, թե ինչ-ինչ պատճառներ կան, կամ մեղադրում են Հայաստանին և այլն: Գուցե ԱԳ նախարարների միջև հանդիպում լինի, եթե Ադրբեջանը չհրաժարվի»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
