Ովքեր են «աբիժնիկները»
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը,լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի ՝քաղաքականություն վերադարձին և ասաց,որ նրա անձնական վարկանիշն անկում չի ապրել. «Ծառուկյանը վերադարձով ԲՀԿ-ն ստանում է հնարավորություն՝ բոլոր մարզերում ունենալ համապատասխան ընտրացուցակներ, և բավականին լուրջ մրցակից դառնալ ՀՀԿ-ին: Բայց թե ոնց կձևավորվի Գագիկ Ծառուկյան դաշինքը, շատ կարևոր հարց է: Շատ կարևոր է, թե նա ինչ ուժերով կգնա ընտրություններին: Հիմա ցանկացողներն ու դիմողները շատ են, և, եթե պարզվի, որ Ծառուկյանը դաշինք է ձևավորում՝ առանց որոշակի սկզբունքներ հաշվի առնելու և ինչ-որ տեղ նաև «աբիժնիկների» է ներգրավում իր դաշինքի մեջ, ապա հասարակության մոտ արագ կառաջացնի բացասական վերաբերմունք՝ առ դաշինք»: Լրագրողների այն հարցին՝ ո՞ւմ նկատի ունի՝ «աբիժնիկներ» ասելով, նա պատասխանեց. «Որևէ մեկին նկատի չունեմ, ուղղակի ասում եմ՝ եթե այդպես ձևավորի:Օսկանյան-Սեյրան Օհանյան դաշինքի ձևավորման ընթացքում բավական լուրջ բախումներ են տեղի ունենում, որովհետև էլի հավաքված են մարդիկ, որոնք միմյանց նկատմամբ որևէ համակրանք չունեն, և նախկինում միմյանց հետ հակառակորդներ են եղել: Հիմա, եթե նույն սկզբունքով ձևավորվի Ծառուկյանի դաշինքը, ապա շատ արագ բացասական արձագանք կգտնի»:
