Կոնկրետ անձերի կամ ուժերի նպատակը մեկն է՝ հայտնվել խորհրդարանում.Իսագուլյան
«Նախընտրական շրջանում կազմավորվող բոլոր դաշինքները տեխնիկական են:Չեմ կարծում, որ հայտարարված դաշինքները կամ ձևավորման փուլում գտնվողներն արդեն վերջնական են, փոփոխության չեն ենթարկվի կամ ընդհանրապես չեն քանդվի: Եթե ուշադիր հետևում ենք նախընտրական գործընթացներին, հատկապես՝ դաշինքների ձևավորման փուլում, տեսնում ենք, որ ըստ էության բոլոր դաշինքները տեխնիկական են: Այսինքն՝ որևէ սկզբունք, որևէ գաղափարախոսություն, ընդհանրական պատկերացումներ պետականության մասին այդ դաշինքների տարբեր ուժերի մոտ չկան: Եվ երբեմն նույնիսկ միավորվում են ուժեր, որոնք իրենց բոլոր ելույթներում, բոլոր հարցերի նկատմամբ իրենց վերաբերմունքներում ունեն հակառակ մոտեցումներ, բայց հիմա հայտնվել են նույն դաշինքում»,Հայելի ակումբում լրագրողներին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: «Կոնկրետ անձերի կամ ուժերի նպատակը մեկն է՝ հայտնվել խորհրդարանում:Դա է, որ ամենավտանգավորն ու ամենաանցանկալին է և կարող է ընտրություններից հետո ունենալ վատ զարգացումներ»: Իսագուլյանի խոսքով՝ բացի ՀՀԿ-ից, որևէ այլ ուժ չունի հստակ ծրագիր:
