Ոչ A-ն է պետք, ոչ B-ն
Շաբաթ օրը «Առավոտի» թղթակիցը նկատեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Եռաբլուրում, ի տարբերություն այլ պաշտոնյաների, չի խաչակնքել: Դա պարզապես հետաքրքիր մանրամասն էր, տեղեկություն, որը ոչ մի գնահատական չի պարունակում: Կան բազմաթիվ մարդիկ, որոնք խաչակնքելուց 5 րոպե անց սարսափելի մեղքեր են գործում: Կան նաեւ այնպիսիները, որոնք նման սովորություն չունեն կամ նույնիսկ ընդհանրապես աթեիստ են, բայց ազնիվ, պարկեշտ մարդիկ են: Կարող է, իհարկե, նաեւ հակառակը լինել` ոչ մի մահկանացու որեւէ մեկի դատավորը չի: Բայց արի ու տես՝ լրագրողի նկատած փոքրիկ երանգի, դետալի շուրջ ֆեյսբուքում եւ «Առավոտի» կայքում ակտիվ քննարկում ծավալվեց, թե ինչու «Առավոտն» այսպես գրեց, ինչ նկատի ուներ եւ այլն: Կամ` A քաղաքական գործիչը B գործչի մասին վատ բան է ասում, B-ն կարող է զանգել խմբագրություն եւ դժգոհել` «ինչու է «Առավոտը» մեզ «հագնում»: Բայց իրականում «հագնում է» ոչ թե «Առավոտը», այլ A գործիչը, մենք ընդամենը վերարտադրում ենք: Եթե բան ունես ասելու, նույն ձեւով «հագիր» այդ A-ին (իհարկե, կոռեկտության սահմաններում), եւ եթե մենք չհրապարակենք, ապա կարող ես կասկածներ ունենալ, որ մենք կատարում ենք A-ի պատվերը կամ գոնե համակրում ենք նրան: Իհարկե, դժվար է հավատալ, որ մեզ ոչ A-ն է պետք, ոչ B-ն: Նույն ձեւով առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հիշել էր տարիներ առաջ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած քննարկումը եւ այդ հիշողությունը հրապարակեց «Առավոտում»: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակը հերքեց դա՝ պնդելով, որ այդ ամենը սուտ է (սիրով կհրապարակեինք նաեւ Վիկտոր Սողոմոնյանի ասածը, եթե նա հերքումը մեզ ուղարկեր): Ես, չլինելով խնդրո առարկա քննարկման մասնակիցը, չունենալով դրա տեսագրությունը կամ ձայնագրությունը, չեմ կարող պնդել՝ այս մեկը ճիշտ է ասում, իսկ այս մեկը՝ սուտ: Բայց անհասկանալի տրամաբանությամբ Լիպարիտյանի ասածը վերագրում են «Առավոտին»: Հասկանում եմ, հիմա ընտրություններ են, եւ լրատվամիջոցները, լրագրողները, ֆեյսբուքում «ստատուսներ» եւ մեկնաբանություններ գրող մարդիկ աշխատում են այս կամ այն թիմի համար: Նորմալ է, խնդիր չկա: Պարզապես մեր լրատվամիջոցն այդ ամենին չի մասնակցում: Ես, իհարկե, մտածում եմ երկրին հուզող խնդիրների մասին, եւ ինչքան որ խելքս կտրում է, փորձում եմ ուղիներ առաջարկել: Բայց, անկեղծ ասած, ես ինձ մի կերպ եմ ստիպում կարդալ եւ մտածել այն մասին, թե ով որ քաղաքական ուժից է դուրս եկել, ով որտեղ է մտել, ով որ ցուցակում որ տեղում է լինելու, եւ ինչպես են բաշխվելու տեղերը իշխանությունից սերած մեկ կուսակցության եւ երկու դաշինքների մեջ: Նրանց եւ մնացածներին լուսաբանելը մեր աշխատանքն է, որը փորձում ենք անել առավել բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ: Բայց նրանցից որեւէ մեկի համար հուզվել կամ որեւէ մեկին երկրպագել չենք պատրաստվում: Երկու ամիս է՝ կանցնի կգնա: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «Առավոտ»
