Թակարդ

Ես քառասուն տարի առաջ ռուսերենի ուսուցիչ ուզեցի, որ ռուսերեն սովորեմ, էն էլ հայերենն էլ մոռացա: Հիմա մի լեզվով եմ խոսում, որով միայն ես եմ խոսում: Էդ լեզվով էլ գրում եմ… Ա՛յ, էսպես անբախ-զամբախ բաներ եմ գրում՝ դրա համար էլ օր-օրի շնորհիցս զրկվում եմ: Պարզվում է, աղջիկս իմ մեջ երկու Լեւոն Ջավախյան է տեսնում՝ մեկն իր հորը, մյուսը գրողին, ով իր հայրը չի: Հորն ընդունում է, բայց գրողից արդեն երես է թեքել: Նրան վրդովեցրել է հատկապես մայրական թեմաներով (խոսքը կնոջս մասին է) գրվածքներս… Ի՞նչ անեմ, էլ չգրե՞մ… Մի կարդացող էլ թող պակասի, բա որ ուրիշ ընթերցողների եմ որդեգրու՞մ… Թող նրանք կարդան: Առաջինը նա՝ ով իմ հետ լեզու է գտնում: Ինձ կռունկները չեն բերել: Ինձ իմ մայրն է բերել: Նրա փեշից բռնած էլ քայլել եմ սովորել, ոտք դրել մեծ աշխարհ: Էդ աշխարհում արդեն 67 տարի է կյանք եմ մաշում: Ամեն անգամ, երբ ուզում եմ առաջ գնամ, էլի մի բան խանգարում է: Մտիկ եմ տալիս, որ տեսնեմ՝ ինչ խանգարող բան կա, էնտեղ ինչ եմ կորցրել կամ ով է ինձ կանչում… Ու էտենց էլ մնում եմ վիզս ծուռ… Հիմա առջեւս դեղին, խունացած մի հին լուսանկար է. ես եմ՝ չորս տարեկան հասակում, քույրս՝ երկու տարեկան, իմ չքնաղ մերն ու եզրին կիսով չափ երեւացող մի չաղլիկ խոճկոր: Նայում եմ թելիկ-մելիկ մորս՝ իլիկի պես բանած, նայում եմ դեմքիս, որ Աստծո անմեղ պատկերն է, տիկնիկի պես փոքրիկ, տիկնիկի պես թոթոլիկ քրոջս՝ փխրուն ու անպաշտպան եւ սիրտս մրմռում է տխուր հուշից, որ խեղճությունից է գալիս, թշվառությունից… Մեր միակ ունեցվածքը մեր խաղաղ կյանքն էր ու էդ անդարդ խոճկորը, որ թեեւ լուսանկարում կիսով չափ էր երեւում, բայց մեր ընտանիքում մեծ տեղ ուներ: Խոզի հետ միասին ապրում էինք նկուղային բնակարանի մեր միակ սենյակում: Որ իմ աչքով տեսած չլինեի էն հույն պատմիչին չէի հավատա: Քսենեփոնը իր «Անաբասիսում» («Նահանջ բյուրոց») գրում էր, որ հայերը մեր թվարկությունից առաջ 5-4-րդ դարերում ապրում էին գետնահար տներում՝ կողք-կողքի իրենց անասունների հետ: Ամեն ինչ ճիշտ էր, որպես ուղղադավան հայ ընտանիք մենք էլ էինք էդպես ապրում: Բայց հերս ու մերս Քսենեփոն չէին կարդացել, որ իմանային՝ անասուն ասելով նա միայն խոզին չի նկատի ունեցել: Էդպես էլ ապրում էինք՝ հերս, մերս, ես, քույրս ու մեր ընտանիքի թաք մինուճար պարծանք գիրուկ խոզուկը: Իրար հետ ուտում էինք, իրար հետ խաղում, իրար հետ քնում ու իրար հետ զարթնում: Քույրս որ փոքր էր՝ օրորոցում էր պառկում: Մի առավոտ մերս վեր թռավ ահավոր տագնապած: Խոճկորը անկուշտ խռխռոցով դունչը խոթել էր օրորոցի մեջ ու եռանդով առաջ էր մղվում: Քույրիկս թաթկներն ու տոտիկներն առաջ պարզած անխռով ցնցվում էր կարմիր դնչիկին ու սեւուկ կճղակներին ընդառաջ՝ կյանքում երբեւէ էդպես խաղացկուն խաղալիք չտեսած մանկան հավեսով: Եվս մի ակնթարթ եւ քրոջս փափլիկ թաթիկները կհայտնվեին խոճկորի կարմիր երախում… -Վա՛յ, էրէխեն, Ռուբեն էրէխեն… Մայրս իրեն գցել էր օրորոցի վրա: Էդ օրը հերս ձեռքը տարավ պողպատե շեղբին… Ա՛խ, իմ խեղճ ընտանիք… Էդ խեղճությունից է իմ խիղճը գալիս: Խիղճը բեռ ա, բե՛ռ… Ում ուսին դրի՝ չտարավ: Գցեցի թղթի վրա՝ թուղթը տարավ… … Եվ ու՞ր եմ անընդհատ դեպի մանկություն գնում… Անէությանս մեջ հիմա էլ պեծ-պեծին է տալիս էն լույս ու մութ աշխարհը: Հիշողությունս կախվել է անդունդից: Գնում եմ դեպի խորքը՝ անհիշելի տարածքներ, մինչեւ որ դեմ եմ առնում պատին: Էդպես էլ պատի միջով անցնել չկարողացա: Մանկությունիցս անդին պատ է, մահվանից անդին՝ պիտի որ էլի պատ լինի: Իսկ որտե՞ղ է կյանքը… Միթե՞, թակարդում… Ես որ պատմվածք եմ գրում, սկզբում շատ դանդաղ եմ առաջ գնում՝ օրական մեկ, երկու նախադասություն, լավագույն դեպքում մեկ պարբերություն: Կամաց-կամաց արագություն եմ հավաքում: Ա՛յ, հիմա տառերս նման են ոսկեշող լուսատիտիկների: Ուշադրություն՝ կոսմիկական արագություն եմ զարգացնում: Ով կարողանում է, թող հիշողությանս ետեւից հասնի: Հիշողություններս էլ տարվա եղանակների պես «հերթով գալիս անց են կենում»… Էս տարի էլ ձմեռ եկավ՝ ճերմակ, քնքուշ փաթիլներով: Առջեւում դեկտեմբերի 22-ն է: Հայաստանում տնօրինում են արկտիկական ցուրտ հոսանքները: Երկինքը կապույտ է, արեգակը պայծառ, բայց մեջը մի կաթիլ ջերմություն չկա: Սնդիկի սյունը ընկավ 10-15 աստճանով: Լեռներում -37 է: Երեւանում-25: Արեգակը գողեգող սողում է հորիզոնի վրայով: Շիկնած Տիրամայրը անհաղորդ հայում է իր մանուկին եւ ջերմ գուրգուրանքի փոխարեն ընդամենը պաղ լույս առաքում: Ծառերը նորահարսի պես պճնվել են: Ապարդյուն: Լճերում, գետերում, առվակներում ու խողովակներում ջրերը սառել են, փողոցներում մերկասառույց է, տանիքների քիվերին սուր-սուր սառցե լուլաններ՝ արեգակի առաջին իսկ տաք ճառագայթից, պատրաստ խոցելու մարդկանց: Աշխարհը սառցե ճիրաններով գնդված արձան է: Շարժումը կանգ է առնում: Հայաստանում մոլեգնում է արկտիկական ցուրտ տեռորը: Դեկտեմբերի 22-ն է: Աշխարհի ամենակարճ օրը: Երեկոյան ժամը 6-ին արդեն գիշեր է: Մութը վրա է հասնում ակնթարթորեն: Վերնիսաժում սառած տոլմի պես տնկված ենք: Ոնց որ գլխավերեւի ջահը մարեին: Վահագնին ասում եմ. -Վահագ ջան, ձեռդ գցի՝ լույսը վառի.․․ Ասում է. -Ջավախյան ջան, հեսա միացնում եմ… «շտեպսելն» ա փչացած… Ես էլ հավատացի՞… Բնության մեջ ոչինչ անսարք չէ: Շփոթը մեր մեջ է: Աստված օրը, լույսը, մութը գրամ առ գրամ հաշվել է, որ հավասարապես մեզ բաշխի: Ես եմ, որ շատ ու քիչ եմ անում: Խավարի հետ չեմ հաշտվում: Մութը մահվան թանձր հիշողությունն է: Ամեն կերպ ուզում եմ ինձանից վանել: Նահանջելու տեղ չկա: Օրը վերջին անգամ ճռնչում է ձմռան ծանրությանից: «Лед тронулся»…,- կասեր Մեծն կոմբինատորը: Բայց սա կոմբինացիա չէ: Սա հրաշք է, հրա՛շք… Վաղվանից վայրկյան առ վայրկյան, րոպե առ րոպե լույս է ավելանալու: Նոր տարին գիշերվա փեշից լույս է պոկելու: Լու՛յս, լու՛յս, լու՛յս՝ ավելի շատ լույս… Երգում եմ. «Առաւոտ լուսոյ, արեգակն արդար»… Երազներս արեւով են հյուսված… Ամենօրյա երազս կյանքն է: Եվ լավ է, որ եղանակները փոխվում են: Երազներս էլ են փոխվում: Եթե Մարկեսի «Նահապետի աշունը» կարդացած չլինեի՝ չէի հասկանա Նահապետի ամառը՝ էն էլ նախընտրական էս թեժ շրջանում: Նա կյանքը հայրենիքին տված, մի քիչ էլ իրեն խնայած գեներալ էր: Էն ժամանակ ասֆալտի ֆիդայիններ կային, տնական ֆիդայիններ կային, քաղաքական կային, գեղական կային… Էդ սաղի հրամանատարը Նահապետն էր: Էն ժամանակ հիմիկվա նման չէր, որ սահմանին օրական մեկ կամ էրկու զինվոր զոհվեին: Դրությունը շատ էր լուրջ, շա՜տ… Հիշում եմ իջեւանցի մեր հարեւան Աշխարհաբեկին: Նա թեեւ կռվի դաշտում չէր, բայց հարազատ հողի համար հոգին պատառոտում էր: Թե էդ օրը ինչ էր լսել՝ լավ չիմացա, միայն էն տեսա, որ առավոտ շուտ դեռ մի բուռ ջուր էրեսովը չտված, Մարգունովի նման մինչեւ կոճերը հասնող երկար տրուսիկը հագին, մի հեյվարա հին խանչալ էլ կողից կախ՝ տան մի պատից մյուս պատն ա գնում, գնում ա, գալիս ա, գնում ա գալիս ա ու խորը տնքում. -Իջեւանումը դրութինը լուրջ ա… Իջեւանումը դրութինը լուրջ ա… Աշխարհաբեկը դարդ ուներ, դա՛րդ: Երեւի էդ դարդից էր ամեն օր խմում: Դարդից էլ շատ նա ցավեր ուներ: Կնիկը ծնկներին տալով ասում էր. -Ա՛յ տնաշեն, հլա գոնե մի էրկու օր էլ ա մի խմի՝ տենանք որտե՞ղդ ա ցավում… Դժվարը խումհարը հաղթահարելն էր: Ամեն առավոտ աչքերը հառում էր երկնքին: Որ Աստված իրեն լսի՝ հետը գրական հայերենով էր խոսում. -Տեր Աստված,- աղերսում էր,- մի դույլ գարեջուր կախիր վզիցս… Տեր Աստված… Լսողն ո՞վ էր… Աշխարհաբեկի ուշքն ու միտքը իր արաղն էր, խանչալն ու օրավուր սպառնալիքի տակ հայտնված հայրենիքը: Ա՛յ, էդպիսի սրտացավ մարդկանց շնորհիվ էր Նահապետը Նահապետ ու թեեւ Աշխարհաբեկը էդպես էլ նրան զինվոր չդարձավ, բայց միշտ պատրաստ էր մեռնել հանուն հայրենիքի: Թեկուզ եւ բաժակը ձեռքին… Նահապետը մահապարտների գնդի առաջին հրամանատարն էր: Բայց երբեք ոսոխի գնդակին կուլ չգնաց: Նա էլ որ զոհվեր մեր ճարն ի՞նչ էր լինելու: Կյանքը գերադասել էր մահից: Խաղաղ օրերին էլ էր հերոս պետք: Ճիշտ է, հերոսներ էլ կային, որ մարտի դաշտում հերոս էին՝ խաղաղ կյանքում՝ փորձանք, բայց ինքը մետամորֆոզների շարքից չէր: Ինքը շարքից դուրս գեներալ էր: Էդ ամառ Նահապետը շրջագայության էր դուրս եկել: Հայաստանում նախընտրական եռուն շրջան էր: Գուգարաց աշխարհի ավանդական մի գյուղում էին: Հանդիպումը տեղի էր ունենում մշակույթի տանը: Ընդունված կարգով ողջունել էր բոլորին: Բոլորի փոխարեն ոտքի էր ելել Սիմոն ծերունին: -Աստծու անհատ բարին քեզ, որդի,- ասել էր,- Նաչալնիկ ջան, իմացի,-ասել էր ականջը տնավարի քորելով,- էս գեղի ձենը իմ ձենն ա, ոնց ասեմ՝ էնենց էլ անիլ տին… Մենակ թե մի հարց պտի տամ, թե արդար, շիտակ պատասխանեցիր՝ մեր ձենը քունն ա… Թե սուտ ասիր, էդ էլ դու գիդես… Նահապետը ականջը դեմ ա տալիս, թե համաձայն եմ: Ծերունին ասում է. -Դրուստն ասա… Որ քեզ հմա աղջիկ են բերում՝ ի՞նչքան ես տալի… Պայմանը դրած էր: Գեներալը մարտի դաշտում չէր երես թեքել՝ ուր մնաց էդ սպիտակ աղվեսի առաջ խոսքը ծռեր: Ասում է. -Հարուր, էրկու հարուր դոլար՝ նայած ապրանքին… Ծերունին միրուքը տմբտմբացնում է, թե՝ -Մի բոզի չես խնայում՝ մի քանի րոպեի հմա 100-200 դոլար ես տալի, համա որ հինգ տարի մեզ անխնա շինիլ տիս՝ 5000 մանեթին փող ես ասում, հա՞ … -Ուրիշն էդ էլ չի տալիս…,- վրդովվում է Նահապետը,- Չեք հասկանում էլի, չեք հասկանում… -Էթենց ա որդիս,- ասում է Սիմոն ծերունին,- եթե մարդուն մի քանի հետ լավութին ես անում՝ չի հսկանում, մի հետ էլ վատութին արա՝ էլի հսկանալ չտի… Տրամադրությունը գցում է Նահապետը: Բայց էդպես հո չէ՞ր կարելի: Իր շքակազմի հետ որոշում է ընկած տրամադրությունը Սեւանի ավազանի ռեստորաններից մեկում բարձրացնել: Արշավել էին էդ ուղղությամբ: Ռեստորանային թռչնակները վաղուց իրենց էին սպասում: Նրանցից ամենասիրունը թռել էր դոշին, թուշը կտցել ու թե՝ -Ու՞ր ես՝ բլոճիկ… Երեկվանից քեզ ենք սպասում… Թիկնապահները գռմռացել էին, մի քայլ առաջացել, բայց Նահապետի արնոտ աչքերից շանթահար՝ տեղում պաղել: Եվ ամեն ինչ իր տեղն էր ընկել: Կուշտ ուտել խմելուց, խրոխտ պարելուց հետո անկողնային խաղերի էին անցել, երբ բլոճիկն առնական այր էր, իսկ թռչնակը սոսկ քնքուշ, սպիտակ, հրաշագեղ մի փխրուն զբոսավայր: Գեներալը նրա վրայով անցել էր, այնուամենայնիվ, ինչպես բլոճը՝ համրաքայլ, դանդաղ ու անշտապ… Այս ամենից հետո վայել էր լողանալ Սեւանա լճում: Սեւանը Նահապետին ընդունել էր սիրառատ մոր պես: Մերկ մարմինը կիսով չափ խրած զով ջրերի մեջ, աջ ձեռքի երկու մատներում սիգարի հաստ փողը ատրճանակի լուլի պես օդում տնկած՝ վայելում էր հայրենիքի գեղեցկությունները: Ճայերը խաղաղ սավառնում էին: Գեղամա լեռները սրածայր գագաթներով՝ թագի պես իրենց մեջ էին առել կապուտաչյա գեղեցկուհուն: Արեգակը արեւմուտքում ադամանդի պես փայլատակում էր: Փչում էր արեւելյան զեփյուռը՝ իր հետ բերելով հեքիաթային փերիների քնքուշ շունչն ու քաղցր բույրը: Հայացքը պտտեց բարձրագահ լեռներով, մտովի գագաթների սպիտակ ձյունը փաղաքշեց ու աչքերը հառեց փիրուզ երկնքին… Ո՛վ, Հայոց աշխարհ, ինչքա՜ն սիրուն ես… Դուրալիորեն պաղ էր Սեւանը, թովիչ ու գրավիչ: Փոքրիկ ալյակները գույրգուրում էին գեր մարմինը, մազոտ կուրծքը, խոժոռ դեմքը, մեղմիկ ծփանքով համբուրում ուսերը, շուրթերը… Օ՜, մայր բնություն… Մայր իմ, Մայր իմ… Բայց միթե՞ մոր հետ կարելի է ադպես վարվել… Թշնամու գյուլլի պես մի միտք զարկեց քունքին: Դեմքին կնճիռներ հայտնվեցին: Վագրենավոր երեսին աչքերը վայրենի չռվել էին: Ինչպե՞ս չէր նկատել: Իսկ ինչո՞ւ իրենք չէին նկատել… Սիգարի մոխիրը բարակ, բայց հաստատուն փշրանքով մաղվում էր Սեւանի գլխին: Ջուրը մեղմիկ անդրադարձով դիմադրում էր: Մեկը չկար, որ կանխեր աղետը: Եվ ո՞վ, եթե ոչ Նահապետը. -Աֆիցիա՛նտ,- մռնչած վիրավոր գազանի պես: Առանց այն էլ երկրում էկոլոգիական հավասարակշռությունը խախտված էր: Սեւանը զերծ պիտի մնար աղբից: Աչքի պես զուլալ, աչքի պես մաքուր, աչքի պես կապույտ պիտի մնար Սեւանը: Մինչդեռ, մոխրի շղարշը անարգել լողում էր լճի երեսին: Տագնապը հնչել էր: Սեւ սերթուկով, սպիտակ վերնաշապիկով, պարարանոցին ձյունաթույր թիթեռնիկներով երկու սեղմիրան տղա հայտնվեցին, որոնք պատրաստակամ էին թեթեւացնելու Սեւանա բեռը: Մատուցողները աջ ձեռքին բռնած ունեին արծաթափայլ սկուտեղ, երեսին դրված բյուրեղապակյա մոխրամաններով: Ինչպես ընդունված է, ձախ ձեռքը հպած թիկունքին, աջով մոխրամանները պահող սկուտեղը առաջ պարզած՝ մոտեցել էին Նահապետին: Եվ ոչինչ որ կիսով չափ ընկղմված էին լճում, ոչինչ որ թրջված էին, միայն թե հաստ մատների արանքում սիգար վայելող գեներալը իրեն լավ զգար, միայն թե թեթեւանար հոգսը Սեւանի: Օրը դեպի երեկո էր գնում: Նահապետը մերկ էր ու մարմնեղ: Հորիզոնը շառագունում էր: Սիգարի ծուխը մտքի հետ խառնելով՝ Նահապետն ըմբոշխնում էր հայրենիքի բարեմասնություններն եւ մտածում: Եվ սիգարի արձակած միալար ծխի, ամեն մի քուլայի, կախարդական պարույրների ու հատկապես էդ արանքներում փայլատակող մտքի ամեն մի առկայծումից էր կախված վաղվա մեր օրը: …Իսկ երեկ՝ դեռ երեխա էինք, սիրուն էինք, անհոգ էինք… Ներքի շենքի առաջ ֆուտբոլ էինք խաղում: Լենինականցի Սարոյի տղեն հորը տեսավ՝ թե չէ, գնդակը թողած, վազեց՝ գիրկն ընկավ: -Պապա՛,- ասեց: -Ջանա՜…,- թառանչեց Սարոն: Հոր ու որդու առճակատ սիրո մի պատկեր էր: Բայց էս մեկն արդեն մի ուրիշ ժանրից էր: Տղեն տարավ բերեց ու հոր երեսին, ջիգարով, մի ապտակ թխեց: Սարոն զարմանքից պել էր կտրել: Այտն այրվում էր որդու սիրառատ պոռթկումից: Վիզը ձգած՝ մեկ մեզ նայեց, մեկ տղային ու չգիտես՝ գո՞հ, թե՞ դժգոհ՝ հառաչեց. -Լագոդին աշե՝ էս ե՞րբ մենձցավ… Մի ասող լինի՝ ես ե՞րբ մեծացա… Ձմռան այգում հաճելի է զբոսնելն ինքդ քեզ հետ, նամանավանդ, որ ձյունը փափուկ է, իսկ մտքերդ կոշտ: Քայլերս հոդացավից դանդաղել են, ոտքերս կարծես միայն ճեմելու համար լինեն: Գլուխս էլ էն չի՝ մեջից ձեներ են գալիս, ոնց որ խրաբա ջաղաց, մաղում է ու մաղում: Էս գլխով աշխարհի հարցերին ո՞նց դիմանամ: Մահը, թե կյանքը՝ նույն պատասխանն ունեն: Եվ այդ պատասխանը իմ գլխում չէ: Ագռավները չարագույժ կռռում են: Աստված գիտե, թե ում ճակատագիրն են կարդում: Ես իմ գիրը թղթին եմ հանձնում, որ ագռավներին կեր չդառնան: Տողաշարերս ու՞մ բաժին կհասնեն…Կույր աշուղի պես ընկել եմ չոլերը: Առայժմ, փորձում եմ դուրս գալ լաբիրինթից: Ողջ կյանքս բռի մեջ ապրեցի, բռի… Հիմա ելք եմ փնտրում: Ծվատվում եմ ճաղաշար վանդակում: Ես դեպի Մեծ երազն եմ գնում: Ախր, մուրազս քարի տակ մնաց: Ո՞վ քար գցեց երազիս… Բռունցքս, բռունցքս, բռունցքս կբացվի՞… Երեւի թե՝ մի օր բացվի… Երեւի թե… Միայն թե՝ չգիտեմ, կհասցնեմ բացականչել. -Ծիտը ձեռիցս թռա՜վ… Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am