Երևանում նորածին է մահացել. երկու անգամ դատապարտված բժիշկը երեխային աքցանով է դուրս բերել

Կիրակի` հունվարի 29-ին, Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում նորածին է մահացել: Փոքրիկը ծնվել է Արմավիրի բժշկական կենտրոնում, առողջական վիճակը վատթարանալու պատճառով տեղափոխվել է մայրաքաղաք, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել: Մահացած նորածնի հարազատները կարծում են, որ տեղի ունեցածը ծնունդն ընդունող բժիշկ Նշան Գեւորգյանի մեղքով է, որովհետեւ ծնվելու ժամանակ նա վնասել է փոքրիկի գլուխը: Երեխայի պապիկը` Ռուստամ Իսայանը, որն, ի դեպ, կորցրել է իր առաջին ու միակ թոռնիկին, մեր զրույցում պատմեց, որ հարսը Արմավիրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունք է ընդունվել հունվարի 26-ի առավոտյան: Բժիշկները նրան հետազոտել են, ասել են, որ ամեն ինչ կարգին է, վիճակը բավարար է ու երեկոյան կծննդաբերի: Իսկ արդեն ծննդաբերության ժամանակ հարազատներին տեղեկացրել են, որ կինը նեղ կոնքեր ունի եւ դժվար ծննդաբերություն է սպասվում: Այդ ընթացքն իսկապես բարդ է եղել, ու երեխան լույս աշխարհ է եկել մանկաբարձական աքցանի օգնությամբ: «Մեզ ասացին, որ ծնունդը նորմալ է եղել, մի քիչ պտղաջուր է անցել ստամոքս, բայց դա բոլորի մոտ է լինում, երկու-երեք ժամվա մեջ վերանում է: Երկրորդ օրը` ամսի 27-ի առավոտյան, գնացինք, ասացին, որ երեխան նորմալ է, ինձ ուղարկեցին, դեղատնից կաթ բերեցի: Լրիվ պտղաջուրը չմաքրված` երեխային կաթ էին տվել: Ասացին` կերել է, նորմալ է վիճակը: Գիշերվա ժամը մեկին երեխան վատացել է: Առավոտյան տեղեկացրին, որ շատ վատ վիճակում է, անհույս է, Երեւանից կանչ են արել, «Մուրացանի» վերակենդանացման բաժնից, պետք է գան, տեղափոխեն Երեւան: Այնտեղ էլ ասացին, որ վիճակը ծանր է, արյուն գրեցին, չորրորդ կարգի արյուն էր, ես գնացել Քանաքեռ-Զեյթունից արյուն եմ առել, բերել տվել բժշկին, որ իրենք ներարկեն երեխային: Բայց հաջորդ օրը մեզ ասացին, որ նա մահացել է»,- մանրամասնեց Ռուստամ Իսայանը: «Դա Նշան Գեւորգյանի պատճառով է եղել, ուրիշ մեղավորություն չկա: «Ժիմուկով» վնասել է երեխային: Կարող էր կեսօրին ասել` հարգելիս, գիտես ինչ կա, ձեր հարսը դժվար ծնունդ կունենա, տարեք Երեւան կամ մենք կեսարյան հատում անենք: Դրա մասին խոսք չի եղել: «Ժիմուկով» է քաշել, հանել երեխային»,- շարունակեց մեր զրուցակիցը: Նա հավաստիացրեց, որ հարսը հղիության ողջ ընթացքում գտնվել է բժիշկների հսկողության ներքո եւ երբեք որեւէ խնդիր ու բարդություն չի առաջացել: Մահացած նորածնի պապիկն ասաց, որ երեխան աղջիկ էր` 3 կգ քաշով. «Անունը դեռ չէինք որոշել, այդպես էլ անանուն գնաց»: Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական եւ նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը, խոսելով նորածնի մահվան պատճառի մասին, ասաց, որ իրենք նրա մոտ ախտորոշել են ներարգանդային թոքաբորբ, ուղեղի հիպոքսիկ ախտահարում (հիպոսքիա` թթվածնային քաղց-խմբ.), ցնցումային համախտանիշ եւ պոլիօրգան անբավարարություն (բազմաթիվ օրգանների գործունեության խանգարում-խմբ.): Պատասխանելով մեր հարցին` բժիշկն ասաց, որ նշված ախտորոշումը սովորաբար մահվան պատճառ է դառնում տասը տոկոս դեպքերում: Իսկ Արմավիրի բժշկական կենտրոնում սխալներ թո՞ւյլ են տրվել, թե՞ չէ, նա չցանկացավ գնահատել: Չբացառեց նաեւ, որ նորածնի կյանքը կարող էր փրկվել` ավելի շուտ Երեւան տեղափոխվելու դեպքում: Իսկ որ պտղաջուր կուլ տալը հնարավոր է վիճակի վատթարացման պատճառ դառնալ, նա հավանական չհամարեց. «Եթե դա լիներ պատճառը, նա հենց առաջին օրը ծանր վիճակում էր լինելու: Իսկ առաջին երկու օրն այդքան ծանր չի եղել վիճակը: Դա կարող է ընդամենը կասկած լինել: Ռենտգեն նկարի վրա մենք ունենք լավ արտահայտված թոքաբորբ: Դա փաստ է: Տեսել ենք ցնցում, որը նույնպես փաստ է»: Արմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նշան Գեւորգյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել: Նրա բջջային հեռախոսն անջատված էր, իսկ բուժհաստատությունից ասացին, որ այդ օրն աշխատանքի չի եկել: Ի դեպ, նրա գործընկերն էլ, ինչպես մահացած նորածնի հարազատները, կարծում են, որ եթե ժամանակին կեսարյան հատման ճանապարհն ընտրվեր, նման ողբերգություն տեղի չէր ունենա: Նշված բուժկենտրոնի ծննդաբերական բաժանմունքի բժիշկ-նեոնատոլոգ (մանկաբույժ) Իրինա Խաչատուրյանն ասաց, որ իրենց հաստատությունում երեխայի մոտ թոքաբորբ չի ախտորոշվել: Քանի որ երկար ժամանակ փոքրիկը չի կարողացել ծնվել, նրա մոտ առաջացել է թթվածնային քաղց ու ծնվելիս էլ չի ճչացել: Ճիչը լսվել է վերակենդանացման որոշակի միջոցառումներից հետո միայն: «Բարդություններն առաջացել են գործիքով ծնվելու հետեւանքով: Ուրիշ պատճառ չի կարող լինել: Գլուխը սեղմվել է եւ առաջացել արյան զեղում: Մեզ մոտ երեխայի մասին գրվել է, որ գլուխն է տուժել: Բացի այդ, քանի որ ծննդաբերությունը ձգձգվել է, երեխայի գլուխը ոչ մի կերպ դուրս չի եկել, նա թթվածնի քաղց է տարել: Թթվածնի քաղցն էլ հանգեցնում է արյան զեղումի: Բայց, ընդհանրապես աքցան չպետք է դրվի, աքցանը ծանր է անդրադառնում երեխաների վրա: Դա պետք է դրվի ծայրահեղ դեպքերում: Աքցանը արդեն անցյալ է: Եթե խնդիր կա, պետք է կեսարյան արվի եւ վերջ, դա է ելքը: Բայց քանի որ ես մանկաբույժ եմ, չեմ կարող քննադատել, ասել ինչու ես դրել: Ինքն էլ (Նշան Գեւորգյանը-խմբ.) պատասխանում է, որ կյանքի հարց էր, երեխան չէր ծնվում, այդ պահին պետք էր մի բանով հանել»,- նշեց բժշկուհին: Հ.Գ.-1 Մահացած նորածնի հարազատները մտադիր չեն դիմել դատարան: «Իրենց գրածով ես ո՞ւմ դեմ բողոքեմ»,- պատասխանեց մահացած նորածնի պապիկը` համոզված, որ երեխայի առողջական խնդիրների մասին բժշկական գրառումներն ի վնաս բժշկի չեն լինելու, իսկ հակառակն ապացուցել նրա ընտանիքը չի ցանկանում: Հ.Գ. -2 Նշան Գրիգորյանը երկու անգամ դատապարտվել է. մեկը 2011 թվականին` մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու՝ հիվանդի մահվան պատճառով, մյուսը` 2015 թվականին` կաշառք վերցնելու համար: Մի դեպքում նա ազատ է արձակվել համաներմամբ, մյուս դեպքում` բժշկի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Ժամանակին նա եղել է Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենը: Մանրամասն սկզբնաղբյուրում՝ armtimes.com

դիտվել է 262 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am