Համակարգային փոփոխությունների առանցքը քաղաքական փոփոխություններն են. Բագրատ Ասատրյան
Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ տարիներին Հայաստանը գտնվում էր խիստ բացասական արտաքին տնտեսական, մասնավորապես, Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի ազդեցության տակ։ «Մենք փոքր տնտեսություն ենք, բայց համաշխարհային տնտեսության բացասական երևույթներն անմիջապես անդրադառնում են մեզ վրա, որոնցից մեկն արտասահմանյան ներդրումների կտրուկ նվազումն է, մինչդեռ այս տարի դրական միտում է ակնկալվում։ Ռուսաստանում 2,5–3 տոկոս աճի արձանագրման դեպքում այդ երկրի տնտեսական զարգացումները կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա», – նշեց Ասատրյանը։ Բագրատ Ասատրյանի համոզմամբ՝ չի կարող քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում տնտեսական մրցակցություն լինել։ «Համակարգային փոփոխությունների առանցքը քաղաքական փոփոխություններն են, և շատ բան կախված է նրանից, թե գալիք ընտրությունների ժամանակ իշխանությունն ինչ կեցվածք կընդունի», – ասաց Ասատրյանը։
