«Հայ շարքային օգտատերերն ադրբեջանցի հակերների թիրախում են». Սամվել Մարտիրոսյանը խորհուրդներ է տալիս
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը երեկ ֆեյսոբուքյան գրառմամբ հայտնել էր, որ ադրբեջանցի հակերները կոտրել հայ օգտատերերի ֆեյսբուքյան էջերը: Այսօր լրագրողների հետ զրույցում նա որոշ մանրամասներ ներկայացրեց: «Տեղեկատվական անվտանգության արտաքին ոլորտում մեզ մոտ հիմնականում մի խնդիր կա` Ադրբեջանը։ Եթե մինչև վերջերս ադրբեջանցիները թիրախավորում էին կայքերը, ապա նախորդ տարվանից անհատ օգտատերերի վրա հարձակվելու լուրջ քայլեր են անում»,- ասաց նա: Նա տեղեկացրեց, որ ադրբեջանցի հաքերները մի քանի հարյուր հայ օգտատիրոջ ֆեյսբուքյան էջեր են կոտրել եւ որպես ապացույց՝ հրապարակել գաղտնաբառերը. «Նրանք ոչ միայն կոտրում են էջերը եւ մարդկանց անունից վատ բաներ գրում: Խնդիրն այն է, որ Ֆեյսբուքի մեսինջերը շատերի համար փոխարինում է էլ. փոստին, ուստի մարդկանց անձնագրերի պատճենները, այլ փաստաթղթերը եւ տեղեկատվությունը փոխանակվում է Ֆեյսբուքի միջոցով»: ՀՀ քաղաքացիների դեմ կիբերհանցագործությունների թվի աճ է նկատվում. «Ամենաազդեցիկ հանցագործությունները կրիպտովիրուսներն են, որոնց պատճառով մարդիկ ֆինանսական կորուստներ են կրում: Ֆայլերը գաղտնագրում են եւ դրանց դիմաց գումար՝ փրկագին ուզում»: Փորձագետի խոսքով կիբերհանցագործություններից պաշտպանվելու համար նախ և առաջ, նույն գաղտնաբառը մի քանի տեղ չօգտագործել, չբացել պատահական նամակներ, չխաբվել տարբեր բովանդակություն ունեցող նամակներին, որոնք ստանում եք մեյլով. «էլեկտրոնային փոստով կարող են հղում ուղարկել, որտեղ գրված լինի, օրինակ՝ Facebook.com, բայց իրականում տակն ուրիշ հղում լինի: Եթե նման հարց կա, մտեք Ֆեյսբուք, պետք չէ այդ հղումի վրա քլիք անել: Կա նաև երկու փուլային մուտքի տարբերակը, որ, եթե ձեր գաղտնաբառն ունենան էլ, չեն կարող կոտրել: Դրա հնարավորությունը տալիս է թե՛ Facebook-ը, թե՛ G-mail-ը: Այսինքն՝ երբ դուք մուտքագրում եք ձեր գաղտնաբառը, երկրորդ պատուհանն է բացվում, որտեղ պետք է համապատասխան կոդը մուտքագրել, որը կարող է կամ SMS-ով գալ, ինչը խորհուրդ չի տրվում, քանի որ այն վստահելի չէ, կամ հավելվածով: Facebook-ի դեպքում կա Code generator, որի վրա երբ սեղմեք, տարբեր կոդեր է առաջարկում: Սա անվտանգ է դարձնում ձեր էջը»:
