ՀՔԾ-ն չի վերաբացի Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործը
ՀՔԾ-ն կարճել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ օֆշորային հայտնի հրապարակումների հիման վրա հարուցված քրեական գործը: Hetq.am էլեկտրոնային լրատվամիջոցին ՀՔԾ-ից հայտնել են, որ գործը կարճվել է Շվեյցարիայի Հանրապետության Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի գրության հիման վրա, ըստ որի՝ նրանք չեն կարող բավարարել Միհրան Պողոսյանի գործով դատական միջնորդությունը: Սակայն, ինչպես պարզվեց, օրեր առաջ ոչ թե Շվեյցարիայի պատկան մարմիններն են հրաժարվել բավարարել միջնորդությունը, այլ հայկական կողմի միջնորդությունը չի համապատասխանել միջնորդության պահանջներին, այսինքն` պատշաճ կազմված չի եղել: Շվեյցարական կողմի պատասխանը կարող է գործի վերաբացման պատճառ հանդիսանալ՝ հաշվի առնելով, որ ՀՔԾ-ն գործի քննությունը իրականացրել է իրեն հարմար եղանակով: NewsBook-ը ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է շվեյցարական կողմի պատասխանը գործի վերաբացման պատճառ հանդիսանալ: «Եթե ի հայտ գան նոր հանգամանքներ, որոնք կվկայեն, որ նշված քրեական գործի վերաբերյալ կարճման որոշումը վաղաժամ է եղել, ապա վարույթը կարող է օրենքով սահմանված կարգով նորոգվել և նոր ի հայտ եկած հանգամանքների ուժով վերսկսվի քրեական գործի վարույթը»,- պարզաբանեց խոսնակը: Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ ՀՔԾ-ն չի՞ պատրաստվում Շվեյցարիայի Հանրապետության Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի գրությունը հիմք ընդունել և գործը վերաբացել, խոսնակը արձագանքեց` ոչ: Հ.Գ. Հիմա նախընտրական շրջան է, Պողոսյանը զբաղված է խորհրդարանում իր տեղն ապահովելով և հաշվի առնելով նրա բազմազբաղ առօրյան՝ ՀՔԾ-ն ցանկություն չունի նոր խնդիրներ ստեղծել Պողոսյանի համար: Իսկ գործի վերաբացումը ամենախանգարող հանգամանքը կարող էր լինել:
