Ունենալու ենք 5-րդ դարի իրավիճակ՝ իշխանիկները դուրս են գալիս իշխանիկների դեմ. Սուրեն Զոլյան
«Խնդիրները կուտակվել են դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ հայտարարվեց, որ Սահմանադրությունը փոխվել է: Սահմանադրության փոփոխության հետ է կապված նաև «Սասնա ծռեր»-ի հուլիսյան ամպստամբությունը, որոշ չափով նաև ապրիլյան պատերազմն ու տնտեսական ներկայիս վիճակը: Այս Սահմանադրությունը դրվել է, որպեսզի ամրապնդվի գործող նախագահի իշխանությունը, ինչը վնասում է մեր երկրի զարգացման տենդեցներին, քանի որ այս ուժը` ՀՀԿ-ն, ի վիճակի չէ երկիրը հանել ճգնաժամից: Այս ուժը երկրի համար կարող է ստեղծել նոր ճգնաժամեր՝ իշխանության մնալու համար»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը: « ՀՀ-ում կուսակցություններ չկան, փոխարենը կան մեծ ու փոքր խմբավորումներ, որոնցից մեկն ավելի ազնիվ կամ անազնիվ է: Ընտրությունները դառնում են թաղային հեղինակությունների պայքար: Մի մարդու, որին ժամանակին օլիգրոֆեն էին անվանում, այսօր առաջնորդ է, կուսակցության առաջին փոխնախագահ են դարձնում: Սա նշանակում է, որ այս կուսակցությունը չունի քաղաքականություն և կադրային կառուցվածք: Սա ապացուցում է, որ ամեն բան կապված է փոխված շահերից: Այսօր ստիպում են թաղային հեղինակություններին մտնել ընտրության մեջ, օրինակ` Արաբկիրը, Դավիթաշենն ու Աջափնյակը միավորված են որպես մեկ ընտրատարածք, հիմա Արաբկիրի «խառոշիներն» իրենց համար են, ինչը, բնականաբար, կբախվի Դավիթաշենի ու Աջափնյակի «խառոշիների» շահերին: Մենք ունենալու ենք 5-րդ դարի իրավիճակ, որը նկարագրում է Խորեցանին` իշխանիկները դուրս են գալիս իշխանիկների դեմ»,- ընդգծեց Զոլյանը: «Երկրում ընդդիմություն կա, սակայն բանտերում է: Պետք է հիշել «Սասնա ծռեր» խմբի անդամների պահանջները` Սերժ Սարգսյանի հրաժարական, ազատություն քաղբանտարկյալներին: Այս պահանջներին պետք է գումարել Սահմանադրության փոփոխության չեղարկումը, քանի որ Գլխավոր շտաբի պետ եղած Հովիկ Աբրահամյանը և բանակի «այո»-ն ապահոված Սեյրան Օհանյանը շատ բան ունեն պատմելու: Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալը պատահական չէ: Շահերի ամենամեծ բախումը հենց ՀՀԿ-ում է, քանի որ նրանց մոտ են կուտակված ռեսուրսները: Մնացած կուսակցությունները կիսելու բան չունեն, մաքսիմում կիսեն մանդատի առաջին կամ երկրորդ տեղը, ամենասուրբ պայքարը հենց ՀՀԿ-ում է: Գագիկ Ծառուկյանը, երբ դուրս եկավ ԲՀԿ-ից, նրան աջակցող չեղավ, որովհետև մեզ մոտ գործում է ջունգլիների օրենքը` գայլը թույլ է՝ հարձակվում են, ուժեղանում է՝ իրավիճակը փոխվում է: Փոխաբերական իմաստով խոսեմ Ծառուկյանի մասին` ՀՀԿ-ն ասում է, որ Ծառուկյանն իրենց պրոեկտը չէ, իսկ մենք գիտենք, որ ՀՀԿ-ն միշտ ստում է: Էջը փակել են, բացել են, նորից կփակեն և այլն»,- ընդգծեց Սուրեն Զոլյանը:
