Դատարանը մերժել է Վահան Շիրխանյանին հիվանդանոց տեղափոխելու միջնորդությունը
Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործի շրջանակներում կալանավորված, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը չի տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց:ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է Շիրխանյանի պաշտպանի միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը` հավելելով, որ միջնորդությունը մերժելով՝ դատարանը նշել է, որ դրանով զբաղվելու է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը:Այս պահին փաստաբանը պատրաստվում է այդ հարցով դիմել ՔԿՀ վարչության ղեկավարությանը:Հիշեցնենք՝ Վահան Շիրխանյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 21-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու, դրան մասնակցելու, ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու համար:
