Ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարը՝ Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Daewoo մակնիշի 34 FR 551 համարանիշի, BMW մակնիշի 77 TՍ 771 համարանիշի և Hyundai մակնիշի 15 ՏՕ 730 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը և նշված հատվածում 2 ժամվա ընթացքում 7-ից ավելի ավտովթարներ տեղի ունեցան, բարեբախտաբար, առանց զոհերի և վիրավորների, սակայն վարորդները, չսպասելով «մեծն» ԱՊՊԱ-ի ժամանմանը, իրար հետ լեզու գտնելով՝ հեռանում էին վթարի վայրից՝ ասելով. «Մենք վարորդներով ավելի լավ կջոկենք՝ որն ա մեղավոր, իզուր տեղն էլ ժամերով էս ցրտին չենք սպասի ԱՊՊԱ գործակալներին»։ Եթե ժամերի ընթացքում ճանապարհը «Սանիթեք» ընկերությունը չմաքրի աղ ու ավազով, ապա չի բացառվում, որ նորից վթարներ տեղի ունենան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
