Կարող ենք ցանկացած թիրախ խոցել 15 մետր ճշգրտությամբ. Մովսես Հակոբյան
«Սա Զինված ուժերի համար այն տարիքն է, որտեղ հաստատակամությունը փաստ է: Կարծում եմ, որ ապրիլյան գործողությունները ևս մեկ քննություն էր, որտեղ Զինված ուժերն իր առաքելությունը կատարեց պատշաճ կերպով ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքն ի վիճակ է, կարող է ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը»,-ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում՝ շնորհավորելով բանակի կազմավորման 25 ամյակը: «Այսօրվա զինվորը լիարժեք փոխարինեց ավագ սերնդին, ինչը ապրիլյան գործողություններ ժամանակ ապացուցվեց: ՀՀ-ն երբեք չի հայտարարել, որ պատրաստվում է պատերազմ: Մենք ունենք այն հնարավորությունը, որ ցանկացած թիրախ, որը մեզ համար անհրաժեշտ կլինի խոցել Ադրբեջանի տարածքում դա կարող ենք իրականացնել 15 մետր ճշգրտությամբ»,-ասաց նա և նշեց, որ մեր հնարավորությունները բավարար են մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար: Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, ապա նա ասաց, որ որպես զինվորական՝ ամեն րոպե ամեն ժամ սպասում է: «Մեր գործողություններն ուղղված են դրան ՝ պատրաստվել պատերազմին, դրանով իսկ կանխել պատերազմի վերսկսումը»,- ասաց նա: Հարցին, թե պատերազմ ունեցող երկրի համար նկատելի՞ է համարում, որ նախարարը քաղաքացիական անձ է նշանակված, քանի որ շատ բարձրացվեց այդ հարցը, Մովսես Հակոբյանն ասաց, որ ՀՀ պաշպանության նախարարի պաշտոնը քաղաքացական պաշտոն է եղել և նախկինում այդ պաշտոնին երեք անգամ զինվորական է նշանակվել, երեք անգամ քաղաքացիական անձ:
