Արմեն Աշոտյանին տխրեցրել են Հովիկ Աբրահամյանի գրառումները
ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Քաղաքականությունը քաղաքականությամբ, բայց ոչ հեռավոր ընդհանուր քաղաքական ուղին պետք է թելադրի նաև մարդկային փոխհարաբերությունների նվազագույն մակարդակ: Նախկին վարչապետի ֆեյսբուքյան վերջին երկու գրառումները տխրեցրեցին ինձ: Իհարկե, ամեն մեկն ինքն է իր ճանապարհի, տվյալ դեպքում՝ հունի, տերը: Ոչինչ հավերժ չէ, սակայն պետք է պահել հրապարակային կյանքի ընդունելի ձևաչափ: Հատկապես, երբ խոսքը գնում է քո նախկին թիմի, քո նախկին թիմակիցների և քո նախկին քաղաքական և ներկա պետական ղեկավարի մասին: Ոչ մի մանդատ, ոչ մի աթոռ, ոչ մի պաշտոն չի կարող արդարացում լինել անցած ճանապարհը մոռանալու և կեցվածք փոխելու համար: Մարդիկ դա ճիշտ չեն համարում և չեն հասկանում: Բոլորը: Մասնավորապես, նախկին թիմակիցներդ, ում հետ կիսած հացի արժեքն ու անցած ճանապարհը, մեկ է, առվակների ցանկացած հունի դեպքում, տանելու է դեպի անցյալ, որ բախվում է ներկային և մշուշոտ դարձնում ապագան: Հուսամ, մինչև բուն քարոզարշավ նման առիթով կրկին հանդես գալու կարիք չի լինի:
