ՀՀԿ-ի հավատարիմը. Աշոտյանն արձագանքում է Հովիկ Աբրահամյանի գրառմանը
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքականությունը քաղաքականությամբ, բայց ոչ հեռավոր ընդհանուր քաղաքական ուղին պետք է թելադրի նաև մարդկային փոխհարաբերությունների նվազագույն մակարդակ: Նախկին վարչապետի ֆեյսբուքյան վերջին երկու գրառումները տխրեցրեցին ինձ: Իհարկե, ամեն մեկն ինքն է իր ճանապարհի, տվյալ դեպքում՝ հունի, տերը: Ոչինչ հավերժ չէ, սակայն պետք է պահել հրապարակային կյանքի ընդունելի ձևաչափ: Հատկապես, երբ խոսքը գնում է քո նախկին թիմի, քո նախկին թիմակիցների և քո նախկին քաղաքական և ներկա պետական ղեկավարի մասին: Ոչ մի մանդատ, ոչ մի աթոռ, ոչ մի պաշտոն չի կարող արդարացում լինել անցած ճանապարհը մոռանալու և կեցվածք փոխելու համար: Մարդիկ դա ճիշտ չեն համարում և չեն հասկանում: Բոլորը: Մասնավորապես, նախկին թիմակիցներդ, ում հետ կիսած հացի արժեքն ու անցած ճանապարհը, մեկ է, առվակների ցանկացած հունի դեպքում, տանելու է դեպի անցյալ, որ բախվում է ներկային և մշուշոտ դարձնում ապագան: Հուսամ, մինչև բուն քարոզարշավ նման առիթով կրկին հանդես գալու կարիք չի լինի»: Հիշեցնենք, որ այսօր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր երեկ ՀՀԿ Խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում էր․ «Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»:
