ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի ներկայացուցիչը կլինի
Ինչպես հայտնում է rusarminfo.ru-ն, ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը կայքին տված հարցազրույցում հայտնել է,որ հունվարի 24-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհուրդը համաձայնեցրել է «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծն ու այն ուղարկել կազմակերպության անդամ երկրների վավերացմանը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» ՀԱՊԿ որոշման մեջ համաձայնեցվել է այն երկիրը, որի թեկնածուն դառնալու է կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարը: Դա Հայաստանն է: Նաև որոշվել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը ընտրվելու է 3 տարի ժամկետով:Որոշումը քննարկվելու է 2017 թվականի ապրիլին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների հաջորդ գագաթաժողովի ժամանակ, և եթե հաստատվի նախագիծը, կնշանակվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար։ Հարցն այն մասին, թե ով է Հայաստանից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուն, պետք է հասցեագրվի հայկական կողմին։ ՀԱՊԿ քարտուղարությունը պարտավոր չէ տալ որևէ տեղեկություն գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող թեկնածուի վերաբերյալ»,- ասել է Զեյնետդինովը։ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը պետք է ընտրվեր դեռևս 2016 թվականի հոկտեմբերին Երևանի գագաթաժողովի ժամանակ, սակայն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բացակայության պատճառով հարցի քննարկումը տեղափոխվեց մինչև դեկտեմբեր, իսկ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին կայացած գագաթաժողովում հարցը չքննարկվեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով։
