Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները.նախագահ
Մենք երբեք անձերի խնդիր չենք լուծել, հիմա էլ անձերի խնդիր չենք լուծում, հայտարարել է ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյան ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ։ «Մենք լուծում ենք մեր ծրագրերի արդյունավետ իրականացման ու մարտահրավերների հաղթահարման խնդիր: Խորհրդարանական հանրապետական մոդելը նոր լուծումներ է պահանջում: Իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում մեր թեկնածուներին առաջադրելիս հաշվի են առնվելու հայրենիքի շենացման գործում յուրաքանչյուրի ունակություններն ու ընդունակությունները և ոչ թե հավակնությունները: Նեղացածներ չպետք է լինեն: Մեր գործիչներն այնտեղ են, որտեղ նրանց կարիքը կա: Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները», - շեշտել է նա: «Մենք առնվազն մի տասնհինգ տարի լսում էինք, որ մեր երկրում քաղաքական դաշտը կայացած չէ, որ մեր երկրում կուսակցությունները չեն խոշորանում: Խոսում էինք, յուրաքանչյուրը տարբեր դեղատոմսեր էր առաջարկում, բայց գործընթաց չէր ընթանում: Ես վստահ եմ, որ ընտրություններից հետո այդ դաշինքները կդառնան կուսակցություններ: Մնացած փոքր կուսակցությունները, անշուշտ, կմնան, բայց նրանք այլեւս որեւէ դերակատարում չեն ունենա, կուսակցությունները կխոշորանան: Դա մեր երկրին անհրաժեշտ է, եւ ուզում եմ, որ առաջին հերթին դուք, այնուհետեւ նաեւ մեր ժողովուրդը վստահ լինեն, որ այն գաղափարները, որոնք դարձել են Սահմանադրություն, այսպես են լինելու»,- ասել է Սարգսյանն ու հավելել. «Կարող են լինել որոշակի անհարթություններ, որոշակի թեթեւ խնդիրներ առաջանալ, բայց մենք համակարգ ենք փոխում, նոր համակարգ ենք ստեղծում, եւ այդ պարագայում անհարթությունները, այդ եղած փոքր խնդիրները, կարծում եմ, որեւէ խոչընդոտ չեն եւ չեն կարող դառնալ խնդիրներ: Մարդ մի տուն է կառուցում, հարյուրավոր խնդիրներ են առաջանում, հետո մտքին դնում է երկրորդը կառուցել իր սխալների, իրեն դուր չեկածի վրա, իսկ մենք պետության կառավարման համակարգ ենք փոխում, եւ բոլորս այստեղ պետք է շատ համոզված լինենք»:
