Էրդողանը՝Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ.«Հայկական կողմի բացթողումն է»
Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ կապված Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հետ, հայտնում է «Ակօս» պարբերականը։ Անկարայում գտնվող նախագահական նստավայրում անցկացված հանդիպման ժամանակ Շիրինօղլուն բարձրացրել է նաև Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հարցը: Հանդիպումը կայացել է հունվարի 26-ին Անկարայի նախագահական պալատում։ «Նախագահի հետ հանդիպման ընթացքում նշեցի, որ հիմնադրամների ու պատրիարքի ընտրությունների ուշացման համար հայ համայնքի որոշ անդամներ ինձ են մեղադրում, ու պահանջեցի անցկացնել այդ ընտրությունները։ Էրդողանն ասաց, որ նախկինում էլ թուրքական իշխանությունները, ըստ 1863–ին ընդունված Հայոց Սահմանադրության, թույլատրել են ընտրությունները և իրենք ցանկացել են, որ մենք ինքներս կազմակերպենք այն: Նա նշեց նաև, որ պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ հանդիպման ժամանակ էլ ինքը նույն բաներն է ասել։ Էրդողանը հիշեցրեց, որ պատրիարքի ընտրության ուշացումը հայկական կողմի բացթողումն է, իրենք էլ դրան չեն միջամտել»,- ասել է Շիրինօղլուն: Նրա խոսքով՝ Էրդողանը խոստացել է առաջիկայում` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ավարտից անմիջապես հետո, զբաղվել պատրիարքի ու հիմնադրամների ընտրությունների հարցերով։
