Առաջարկել են չեղարկել 1921-ի ռուս-թուրքական բարեկամության մասին պայմանագիրը
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ Կոմունիստական կուսակցությունից պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակ են հղել Ռուսաստանի նախագահին ու արտգործնախարարին: «Իզվեստիա» թերթը հայտնում է, որ նամակով նրանք առաջարկում են չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։ Իրենց նամակում նման քայլը պատգամավորները հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։ Ռուսաստանյան ԶԼՄ-ների տրամադրության տակ հայտնված նամակում հիմնավորումների շարքում նշված է նաև, որ «Վրաստանը և Հայաստանը չեն ճանաչում պայմանագրի պայմանները՝ դա անարդարացի համարելով»: Նշվում է, որ այս նախաձեռնությունը սատարում են նաև «Արդար Ռուսաստան» կուսակցությունում: Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանը չի ընդունում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որով բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն՝ Արարատ լեռով հանդերձ:
